Տարեց մարդկանց համար օգտակար մթերքների առաջին խումբը կաթնամթերքներն են։ Դրանք պարունակում են հեշտ յուրացվող սպիտակուց, որն անհրաժեշտ է սարկոպենիայի՝ մկանային զանգվածի տարիքային կորստի կանխարգելման համար։ Այն ծերանալու դրսեւորումներից մեկն է։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել է բժիշկ-սննդաբան Օքսանա Միխալյովան։
«Կաթնամթերքների, թթու կաթնամթերքների սպիտակուցը հեշտ է մարսվում, պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավագ տարիքում առողջությունը պահպանելու համար։ Բացի այդ, կաթը եւ դրանից պատրաստված մթերքները կալցիումի անփոխարինելի աղբյուր են։ Կալցիումը կենսականորեն անհրաժեշտ է տարիքային օսթեոպարոզի (ոսկրերի փխրունության) կանխարգելման համար, որը սրընթաց զարգանում է 50-ից բարձր տարիքում։ Մթերքներից կալցիումի բավական քանակություն ստանալու համար անհրաժեշտ է օրական օգտագործել երեք չափաբաժին կաթնամթերք»,- ասել է նա։
Մթերքների երկրորդ խումբը միսն ու թռչնամիսն են։
«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ կարմիր միսը տարեց հասակում կտրուկ սահմանափակվում է՝ ամիսը մեկ անգամ։ Դա կապված է այն բանի հետ, որ կարմիր միսը եւ դրանից պատրաստված մթերքները բարձրացնում են աղիների քաղցկեղի եւ անոթների աթերոսկլերոզի վտանգը։ Այս պատճառով լիովին բացառվում են դրանից պատրաստված կերակուրները։ Թույլատրված են սպիտակ թռչնամիսը (հավ, հնդկահավ)՝ առանց կաշվի, ճագարը։ Սա սպիտակուցի լավ աղբյուր է մկանների, ոսկորների, մաշկի տուրգորի առողջությունը պահպանելու համար»,- նշել է բժիշկը։
Մթերքների երրորդ խումբը ձուկն ու ծովամթերքներն են։
«Դրանք շատ օգտակար են տարեց հասակում՝ մի քանի պատճառներով։ Դա հեշտ մարսվող սպիտակուց է, որի դեֆիցիտը միշտ լինում է տարեց հասակում։ Օմեգա-3 ճարպաթթուները անոթների ուժեղ պաշտպաններն են աթերոսկլերոզից, քաղցկեղից, շաքարային դիաբետից եւ առհասարակ ծերանալուց, քանի որ դրանք պահպանում են մաշկի թարմությունը, ոսկորների եւ մկանների առողջությունը։ Ընդ որում՝ պարտադիր չէ գնել կարմիր ձկան թանկ տեսակներ։ Օմեգա-3-ով հարուստ են էժան ծովատառեխը եւ թյունիկը»,- նշել է փորձագետը։
Տարեցների համար օգտակար են ամբողջահատիկ հացաբույսերը։
«Ցորենի թաղանթը պարունակում է վիտամինների (առաջին հերթին՝ В խմբի), միկրոտարրերի հսկայական քանակություն, ինչպես նաեւ բջջանյութի կարեւորագույն աղբյուր է։ Բջջանյութը կենսականորեն անհրաժեշտ է ավագ տարիքում, քանի որ նպաստում է մարսողությանը, խթանում է աղիների աշխատանքը, կանխարգելում օնկոլոգիական հիվանդությունները, դուրս է բերում խոլեստերինը, տոքսինները եւ ծանր մետաղները մարսողության տրակտից։ Մշակված հացաբույսերը այդպիսի օգուտ չունեն, դա կարեւոր է հաշվի առնել տարեց մարդկանց սնվելու ժամանակ»,- ասել է մասնագետը։
Վերջապես, մթերքների հինգերորդ խումբը մրգերն ու բանջարեղեններն են։
«Տարեց հասակում առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է օրական ուտել 500 գրամից ոչ պակաս բանջարեղեն եւ մրգեր։ Դրանք վիտամինների (առաջին հերթին հզոր հակաօքսիդանտի՝ վիտամին С-ի), ֆիտոքիմիական նյութերի հսկայական քանակության, ինչպես նաեւ բջջանյութի եւ մի շարք միկրոտարրերի աղբյուրներ են։ Բանջարեղենները եւ մրգերը նպաստում են աղիների առողջությանը, ի հաշիվ բջջանյութի կանխարգելում են շատ ուտելն ու ճարպակալումը, շաքարային դիաբետը, պահպանում մաշկի տոնուսը, մազերի եւ եղունգների փայլը, օրգանիզմը հագեցնում կենսաբանորեն ակտիվ նյութերով՝ կենսաքիմիական պրոցեսների նորմալ ընթացքի համար, ինչը երիտասարդությունը երկարացնելու հիմքն է»,- ամփոփել է բժիշկը։






