Հայաստանում 2024 թվականից կսկսվի բժշկական ապահովագրության համակարգի փուլային ներդրումը։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2025 թվականից ծրագրում կընդգրկվեն նաև թոշակառուները։ Նրանք կօգտվեն փաթեթով նախատեսված ծառայությունների ողջ շրջանակից։ Արդյունքները կամփոփվեն 2026 թվականին»,- ասել է Ավանեսյանը։

Ընդ որում, ապահովագրական համակարգը 2027 թվականից պարտադիր կդառնա բոլորի համար։

Պատասխանելով այն հարցին, թե այս տարի, կարծես թե, պետական պատվերների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան, ինչպես եղել է նախորդ տարիներին, նախարարը նշել է, որ անցած տարիներին ներդրվել են բազմաթիվ նոր ծառայություններ պետական պատվերով, ինչը բնականաբար հանգեցրել է պահանջարկի կտրուկ աճի  այս բժշկական ծառայությունների համար: Իսկ կառավարությունը միշտ չէ, որ կարողացել է ճշգրիտ հաշվարկել ու պլանավորել ֆինանսավորման ծավալը, և ստիպված է եղել լրացուցիչ դրամական հատկացումներ կատարել ամբողջ տարվա ընթացքում։

«Մենք դա արել ենք, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով իրականացնել որոշակի բժշկական կենտրոնների նկատմամբ ստանձնած պարտավորությունները»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։ Այս տարի, ըստ նրա, նման խնդիր չի առաջացել։