Գիտնականները կռահել են մարդու սրտի կառուցվածքի 60-ամյա գաղտնիքը. նրանք կազմել են այդ օրգանի կարեւոր հատվածի մոլեկուլյար քարտեզը։ Քենտուկիի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Քենեթ Քեմփբելի եւ Մասաչուսեթսի համալսարանի (ԱՄՆ) Չանի Բժշկական դպրոցի աշխատակիցների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Սիրտը կազմված է միլիարդավոր բջիջներից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է սարկոմերներ՝ մկանի հիմնարար միավորներ։ Այդ սարկոմերները պարունակում են միոզինային թելեր, որոնք վճռական նշանակություն ունեն սրտամկանի աշխատանքի համար։
Այդ թելերից յուրաքանչյուրը պարունակում է մոտ 2 000 մոլեկուլ, որոնք գտնվում են բարդ դասավորությամբ, որը գիտնականները փորձել են հասկանալ տասնամյակներ շարունակ։ Մասնավորապես, ենթադրվել է, որ սպիտակուց-միոզինները կարող են վեցական հատ խմբերով լինել՝ միավորվելով հատուկ կառույցներում։ Սակայն այժմ պարզվել է, որ գոյություն ունեն միոզինների միավորման երեք տեսակներ։
Սրտի հաստ թելերի վիզուալացման համար խումբն օգտագործել է մեկ մասանի 3D-ռեկոնստրուկցիա, ինչը թույլ է տվել նորովի նայել սրտի կառուցվածքին եւ գործառույթին։
Հետազոտությունում օգտագործվել են սրտի նմուշներ Գիլի սիրտ-անոթային բիոռեպոզիտարիումից , որը ղեկավարում է Քեմփբելը։ 2008թ. իր ստեղծման պահից այստեղ հավաքվել է 500 մարդու մոտ 15 000 նմուշ։ Այդ նմուշները ոչ միայն կարեւոր դեր են խաղում այնպիսի հետազոտություններում, ինչպիսին կատարել է Քեմփբելը, այլեւ տրամադրվում են ամբողջ աշխարհի հետազոտական խմբերին ՝ նպաստելով գիտական առաջընթացին։
Հայտնագործությունը նոր հիմք է ստեղծում կառուցվածքային, ֆիզիոլոգիական եւ կլինիկական հետազոտությունների համար։ Այն նաեւ ի ցույց է դնում սրտամկանի՝ նախկինի համեմատ ավելի ճշգրիտ կառավարման հնարավորությունը։






