Արցախի բուժաշխատողների համար Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրերի ստացումը հետաձգվել է մինչեւ 2025թ. հունվարի 1-ը։ Դա արվել է այն բանի համար, որ նրանք հավաքեն անհրաժեշտ քանակությամբ կրեդիտները եւ լուծեն այլ խնդիրներ։ Մինչ այդ նրանք կարող են աշխատել առանց հավաստագրերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին ասել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին արցախցի ավելի քան 100 բուժաշխատող արդեն ստացել է հավաստագրեր։ Արցախցի մնացած բուժաշխատողների զգալի մասը հավաստագրեր կստանա կես տարվա ընթացքում։ Նախատեսվում է նաեւ կադրերի մի մասի վերապատրաստում, որն իրականացվելու է անհատույց հիմքով։

«Լեռնային Ղարաբաղում աշխատում էր մոտ 3 000 բուժաշխատող, որոնց մեծ մասը բուժքույրեր եւ բուժեղբայրներ էին։ Միայն մեր բազայում գրանցված է ավելի քան 600 բուժքույր կամ բուժեղբայր, ինչպես նաեւ ավելի քան 300 բժիշկ։

Բոլոր տվյալները, այդ թվում պատրաստվածության մակարդակի մասին, հայտնի են։ Աշխատանքի տեղավորման հարցը մասամբ լուծում է առողջապահության նախարարությունը։ Բուժաշխատողներին, որոնք կցանկանան աշխատել մարզերում, կտրամադրվի եռակի նվազագույն  աշխատավարձ։

Ի հաշիվ հարկադրյալ տեղահանվածների Հայաստանի բնակչության ավելացման հաշվառմամբ՝ արցախցի բոլոր բուժաշխատողները, կարծում եմ, աշխատանք կգտնեն»,- նշել է Բազարչյանը։

Նա տեղեկացրել է, որ հունվարի 1-ից ՇՄԶ հավաստագրերի ստացման գործընթացը բուժաշխատողների ռեեստրում կիրականացվի օնլայն։ Ներկա պահին ռեեստրում գրանցված է մոտ 6 000 բուժաշխատող։

«Դա շատ հարմար է արտակարգ իրավիճակների շրջանում՝  մասնագետների մասին տվյալների ուսումնասիրության տեսակետից։ Սովորական ռեժիմով համակարգն օգնում է հասկանալ մայրաքաղաքում եւ մարզերում անհամաչափության մակարդակը մարդկային կապիտալի տեսակետից»,- ընդգծել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը։