Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Պեկինից խնդրել է լրացուցիչ տեղեկություններ Չինաստանում երեխաների շնչառական հիվանդությունների եւ թոքաբորբի դեպքերի աճի մասին, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
«ԱՀԿ-ն Չինաստանից խնդրել է համաճարակաբանական եւ կլինիկական տեղեկություններ, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մանրամասն տեղեկություն պաթոգենների շրջանառման եւ առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության մասին»,- տեղեկացրել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՀԿ հայտարարությանը։
Հայտարարությունում նշվել է, որ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի պաշտոնյաները տեղեկացրել են անցած շաբաթ երեխաների շնչառական հիվանդությունների աճի մասին։
Կազմակերպությունը նշել է, որ Չինաստանի իշխանություններն այդ աճը կապում են COVID-19-ի սահմանափակումների չեղարկման եւ «հայտնի պաթոգենների շրջանառման հետ, ինչպիսին են գրիպը, միկոպլազմային թոքաբորբը, շնչառական-սինցիտիալ վիրուսը (RSV) եւ SARS-CoV-2-ն»։
ԱՀԿ-ն նշել է, որ առայժմ պարզ չէ՝ կապվա՞ծ են արդյոք Չինաստանի հյուսիսում երեխաների չախտորոշված թոքաբորբերի բռնկումները շնչառական վարակների հետ։
Կազմակերպությունը խորհուրդ է տալիս չինացիներին պահպանել նախազգուշական միջոցները՝ շնչառական հիվանդությունների ծագման վտանգը նվազեցնելու համար, մասնավորապես՝ ստանալ անհրաժեշտ պատվաստումները, մնալ տանը հիվանդության ժամանակ, կրել դիմակ եւ մշտապես լվանալ ձեռքերը։






