1988-ից ի վեր, Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5 535 դեպք, իսկ այժմ ՄԻԱՎ-ով ապրող 4 356 անձ ունենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի Ստեփան Աթոյանը։

«Մեր նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ-ի դեպքերի հայտնաբերելիությունը: Ըստ մոդելավորված հաշվարկային թվերի՝ ՄԻԱՎ-ի կարգավիճակի մասին գիտեն մեր քաղաքացիների ընդամենը 74 տոկոսը, և անհրաժեշտ է ջանքերը մեկտեղել թիվը բարձրացնելու համար։ Մեր նպատակն է, որ առնվազն ՄԻԱՎ-ի կարգավիճակ ունեցող մարդկան 95 տոկոսն իմանան իրենց կարգավիճակի մասին»,-ասաց նա։

Ստեփան Աթոյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել են նախորդ տարիների համեմատ բարձր հայտնաբերելիություն. «2023թ.-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 դեպք՝ ՀՀ քաղաքացիների շրջանում և 61 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում», - ասաց նա։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկաները նախապես պլանավորված ժամանակացույցի համաձայն այցելու են մարզեր, միգրանտների շրջանում, քանի որ նրանք համարվում են ռիսկի խումբ, իրականացվում են անվճար հետազոտություններ ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպապիտների նկատմամբ, տրվում են անվճար խորհրդատվություններ»,-ասաց նա:

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենն ասաց, որ այսօր ՀՀ 83 բուժհաստատություններում հնարավոր է ստանալ ՄԻԱՎ-ի և հեպատիտների անվճար թեստավորում, նաև բուժական միջամտություններ և դեղեր։

Խոսելով ռիսկի խմբերի մասին, Ստեփան Աթոյանն ասաց. «Վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներերակային ճանապարհով եւ մորից պտղին: Ռիկսի խմբում նշում ենք միգրանտներին, քանի որ նրանք մեկնելով ՄԻԱՎ-ի ավելի բարձր տարածվածություն ունեցող երկրներ, այնտեղ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում՝ չպաշտպանված սեռական հարաբերության ճանապարհով վարակվելու: Նաեւ ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձինք ունեն այս ռիսկը, նաեւ կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող անձինք:

Եթե խոսենք սեռատարիքային բաշխվածության մասին, ապա տարիներ շարունակ ձեւավորվել է այնպես, որ մոտ 70 տոկոս տղամարդկանց շրջանում է գրանցվում հիվանդություն եւ 30 տոկոս կանանց շրջանում: Առավել մեծ խումբը 25-39 տարիքային խումբն է: Ամենաբարձր ՄԻԱՎ-ի ցուցանիշներ գրանցվում են Շիրակի մարզում, որին հաջորդում են Լոռին եւ Գեղարքունիքը»: