Կորոնավիրուսի համավարակի ժամանակ առողջապահության ծախսերն աշխարհում հասել են 9,8 տրլն դոլարի կամ գլոբալ ՀՆԱ 10,3 տոկոսի։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Ժնեւում հրապարակված զեկույցում, որը նվիրված է ամեն տարի դեկտեմբերի 12-ին նշվող Առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկման օրվան, նշվել է, որ 2021թ. «առողջապահության գլոբալ ծախսերը հասել են նոր առավելագույնի՝ 9,8 տրլն դոլարի կամ համաշխարհային ՀՆԱ 10,3 տոկոսին։ Կազմակերպությունում ուշադրություն են հատկացրել ծախսերի «չափազանց անհավասարաչափ» բաշխմանը։ Առողջապահության պետական ծախսերը ավելացել են ամենուրեք, «բացի եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներից»։ «2021թ. աշխարհի բնակչության մոտ 11 տոկոսը ապրել է այն երկրներում, որոնք տարեկան մեկ մարդու համար ծախսել են 50 դոլարից ավելի քիչ, մինչդեռ առողջապահության միջին ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրներում կազմել են մոտ 4 հազար դոլար»,- նշել են ԱՀԿ-ում։ Ցածր եկամուտներ ունեցող երկրներին բաժին  է ընկել «առողջապահության գլոբալ ծախսերի ընդամենը 0,24 տոկոսը, չնայած դրանցում ապրում է աշխարհի բնակչության 8 տոկոսը»։

«Առողջապահության ոլորտում կատարվող ներդրումներն անհրաժեշտ է շարունակել»,- կարծում են ԱՀԿ-ում։ Ռեկորդային ծախսերը 2021թ. վկայում են այն մասին, որ երկրները առաջնահերթ ուշադրություն են հատկացրել հանրային առողջապահությանը համավարակի ժամանակ, չնայած մասշտաբային ցնցումներին տնտեսությունում եւ հասարակությունում։ Զեկույցում նաեւ ընդգծվել է, որ առողջապահության պետական ծախսերի աճը, որը նկատվել է այդ շրջանում, հազիվ թե պահպանվի, քանի որ «երկրներն ուշադրությունը տեղափոխում են տնտեսական այլ առաջնահերթությունների լուծման վրա, ինչպիսին են աճի դանդաղումը, գնաճի բարձր տեմպերը եւ պարտքի սպասարկման պարտավորությունների ավելացումը»։

«Առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկման համար անհրաժեշտ է առողջապահության կայուն պետական ֆինանսավորում։ Դա հատկապես կարեւոր է այժմ, երբ աշխարհը բախվում է կլիմայական ճգնաժամին, հակամարտություններին եւ այլ արտակարգ իրավիճակների»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգկման հարցերի գծով տեղակալ Բրյուս Էյլուորդը։ «Մարդկանց առողջությունը եւ բարեկեցությունը պետք է պաշտպանվեն առողջապահության կայուն համակարգերով, որոնք կարող են դիմակայել այդ ցնցումներին»,- ասել է նա։

ԱՀԿ-ում հայտնել են, որ ամեն տարի դեկտեմբերի 12-ին նշվում է Առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկման օրը։ Նպատակը համաշխարհային հանրության ուշադրության հրավիրումն է առողջապահության ոլորտում ներդրումների անհրաժեշտության վրա, որպեսզի ամեն մարդ «կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց ուշացումների եւ առանց որեւէ ֆինանսական դժվարության»։