2021թ. օգոստոսից մեկնարկվել և ընթացքի մեջ են ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքները: 2024թ. մեկնարկվելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի և «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Կառավարության որոշմամբ հոգեմետ դեղերը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են անվճար` դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Առողջապահության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հոգեկան առողջության թեմային՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ավանդույթային մակարդակով էլ եթե նայենք՝ մեզ մոտ հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ մատուցող հաստատությունները սովորաբար ամենահետին տեղում են, չի էլ համարվում, որ դա մի տեղ է, որտեղ պետք է ներդրում անել, պատշաճ և արժանապատիվ պայմաններ ապահովել և այդպես շարունակ: Հոգեկան առողջության Նուբարաշենի կենտրոնի կապիտալ ծրագիրը, որ իրականացնում ենք, ինքնին լուրջ գործնական ազդակ է կառավարության վերաբերմունքի վերաբերյալ: Բայց այստեղ խնդիրները շատ ավելի խորն են և միջգերատեսչական մոտեցում է պետք՝ սկսած կրթական մակարդակից, որպեսզի խնդիրը կարողանանք հասցեագրել, ինչ-որ փոփոխություն մտցնել»:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ոչ միայն Նուբարաշենի ծրագիրն է իրականացվում, այլ նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում են ընթացիկ վերանորոգումներ իրականացվում, աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: «Այս տարի հատկացրել ենք 130 մլն դրամ՝ երկու բաժանմունք ամբողջովին վերանորոգելու համար և ևս մեկ բաժանմունք արդեն բացել ենք: Այսինքն, Ավանի կենտրոնը ևս ամբողջովին կվերափոխվի: Այս տարի ևս 30 մլն դրամ ենք հատկացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի համար, այն ամբողջովին կվերանորոգվի: Այսինքն, մենք երեք տարվա մեջ բոլոր կենտրոնները ենթակառուցվածքի առումով կթարմացնենք»,- շեշտել է նախարարը:






