Հազը, ջերմաստիճանը, խցանված քիթը, ցավող կոկորդը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի (ՍՇՎԻ) եւ գրիպի նշաններ են, որոնք տանջում են շատերին ձմռանը։ Բայց եթե հետեւեք սնվելու որոշակի կանոնների, կարելի է արագացնել վերականգնման գործընթացը։

Նուտրիցիոլոգ Նատալյա Բոգդանովան «Pravda.Ru»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ բոլորը գիտեն С վիտամինի օգտակարության մասին գրիպի եւ ՍՇՎԻ-ի դեպքում։ Կարելի է ամեն օր ուտել կիտրոն եւ կիվի, բայց դրանք ոչ մի օգուտ չեն բերի, եթե դուք հիվանդության ժամանակ սննդաբաժնում թողնեք շաքարը եւ արագ ածխաջրերը։ Դրանք էներգիայի արագ աղբյուրներ են, որոնք անմիջապես սկսում են թթվային գործընթացի մեջ մտնել, բայց թթվային-վերականգնողական ռեակցիաներում օգնական է հարկավոր՝ С վիտամին։ Եվ մեր լեյկոցիտներին մանրէների եւ վիրուսների դեմ պայքարում օգնելու փոխարեն С վիտամինը գործի կդրվի բոլորովին այլ գործընթացներում։ Կան հետազոտություններ, որոնց արդյունքները հաստատում են նեյտրոֆիլների ակտիվության նվազումը շատ շաքար օգտագործելու դեպքում։ Իսկ նեյտրոֆիլները փոքր սպիտակ  արյան մարմիններ են, որոնք կլանում են օտարածին միկրոօրգանիզմները։

Շաքարը շատ է սիրում նաեւ աղիների մեր պաթոգեն միկրոֆլորան, ինչը նպաստում է դրա էլ ավելի շատ ծավալմանը։ Ինչպես հայտնի է, մեր իմունիտետի 80 տոկոսը հենց աղիներում է։ Ուստի հիվանդության ժամանակ բացառում ենք.

թխվածքաբլիթները,

կոնֆետները,

կաթնահունց բուլկիները։

Կիրառում ենք մթերքներ, որոնցում մեծ քանակությամբ С վիտամին կա։  Առաջին տեղում են ոչ թե ցիտրուսները, այլ մասուրը, բուլղարական տաքդեղը, չիչխանը, սեւ հաղարջը, մաղադանոսը, սամիթը, թթու կաղամբը եւ կիվին։

Շատ հաճախ հիվանդության ժամանակ, հատկապես սուր շրջանում, ախորժակն անհետանում է։ Եթե  ուտելու ցանկություն չկա, մի ստիպեք ձեզ ուտել, ախորժակի բացակայությամբ օրգանիզմը ազդարարում է իր պահանջների մասին։ Ավելի լավ է ջուր խմեք, կոմպոտ, ոչ թունդ թեյ կամ հանքային ջուր առանց գազի։

Մրսածության դեմ պայքարելուն շատ լավ օգնում են այն մթերքները, որոնցում А եւ Д վիտամիններ կան.

ձու,

կարագ,

ձկան, հատկապես ձողաձկան լյարդ։

Իսկ ահա կարմիր միսը հիվանդության ժամանակ ավելի լավ է սահմանափակել, որպեսզի օրգանիզմը չծանրաբեռնվի, գերադասել թեթեւ կենդանական սպիտակուցը, թռչնամիսը եւ ձուկը։

Հիվանդության ժամանակ կատարյալ տարբերակ է արգանակը։ Այն սննդարար է, համեղ եւ թեթեւ էներգիայի աղբյուր է։ Ջերմային մշակումը բարձրացնում է սննդարար նյութերի կենսահասանելիությունը, ինչպիսին են սպիտակուցը, երկաթը, բետա-կարոտինը, լիկոպինը եւ հակաօքսիդանտները։ Եթե դուք լսեք ձեր մարմնին, ապա կհայտնաբերեք, որ տաք ապուրներից հետո ծանրություն, ցավ, փքվածություն եւ որովայնի այլ անհարմարություններ չեք զգում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ապուրները ԱՍՏ-ից չեն պահանջում բարձր սեկրետոր եւ շարժման ակտիվություն. կոպիտ ասած՝ դրանք ավելի հեշտ են մարսվում, քան պինդ կերակուրը։

Հիվանդության շրջանը տեւողությամբ յուրաքանչյուր մարդու մոտ անհատական է, բայց միջինը տեւում է 7-10 օր։ Ուստի դիետայից ընդհանուր սեղանի պետք է անցնել աստիճանաբար, առողջանալուց հետո առնվազն մեկ շաբաթվա ընթացքում։ Որպես կանոն, սուր վիրուսային ինֆեկցիայի ախտանշանների վերանալուց հետո օրգանիզմին հարկավոր է եւս 5-10 օր լիակատար ապաքինվելու համար։