Միոկարդի կաթվածը սրտամկանի հատվածի նեկրոզն է՝ դրանում թթվածնային քաղցի պատճառով։ Այդ վիճակը պահանջում է արագ միջամտություն բժիշկների կողմից. ուստի շատ կարեւոր է ժամանակին իմանալ դրա մասին եւ դիմել օգնության համար։ Մոտեցող կաթվածի վաղ ախտանշանների մասին «Газете.Ru»-ին պատմել է «СМ-Клиника»-ի բժիշկ-սրտաբան Անաստասյա Ֆոմիչովան։
«Դեպքերի մեծ մասում միոկարդի կաթվածը տեղի է ունենում պսակաձեւ զարկերակի հանկարծակի առաջացած թրոմբոզից՝ պայթած աթերոսկլերոտիկ բշտի մակերեսին։ Այդ փոփոխությունները կարող են կանխվել, եթե կատարեք պսակային միջամտություն մաշկի միջոցով ծագած նոպայից հետո 60-90 րոպեի ընթացքում։ Ուստի շատ կարեւոր է ժամանակին դիմել բուժօգնության համար»,- նշել է Ֆոմիչովան։
Վիճակագրության համաձայն, որն իրականացրել է բժիշկը, տղամարդկանց մոտ միոկարդի կաթվածը առաջ է գալիս շատ ավելի հաճախ (մոտ 5 անգամ), քան կանանց մոտ, հատկապես երիտասարդ եւ միջին տարիքում։
Նախակաթվածային շրջանում, նրա խոսքով, կարող են առաջանալ ինչպես բնորոշ կարդիալ, այնպես էլ ոչ բնորոշ ախտանշաններ։ Բնորոշ կարդիալ ախտանշաններից են՝ կրծքավանդակի ինտենսիվ ցավերը, շնչարգելությունը, հաճախասրտությունը, առիթմիան, հիպոտոնիան, բրադիկարդիան։
Ոչ բնորոշ ախտանշաններն են սուր թուլությունը, քրտնոտությունը, սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավերը, շնչահեղձ լինելը, հազը, գիտակցության կորուստը, տագնապալի վիճակը, մահվան վախը։
Սուր շրջանում հիվանդ պացիենտները կարող են նկարագրել իրենց ցավոտ զգացողությունները հետեւյալ կերպ. երկաթե օղակում հայտնվելը՝ ծանր սալով կրծքավանդակին, հրդեհը կրծքավանդակում, կրծքին հոսող եռման ջրի զգացողությունը, դաշույնով հարվածի ցավերը։
«Այդ զգացողությունները կարող են տարածվել պարանոցի, ստորին ծնոտի, ձախ ձեռքի, ձախ թիակի, որովայնի վերին հատվածների վրա, դրանք չեն անցնում հանգիստ վիճակում եւ նիտրոգլիցերին ընդունելուց հետո։ Ախտանշանները կարող են ալիքաձեւ բնույթ կրել եւ շարունակվել 20 րոպեից մինչեւ մի քանի ժամ»,- ավելացրել է սրտաբանը։
Նրա խոսքով՝ որոշ հիվանդների մոտ առաջ են գալիս միոկարդի կաթվածի ոչ բնորոշ ձեւեր եւ անգամ անցավ իշեմիա (օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում, այդ պացիենտների մոտ խախտվում է իներվացիան եւ նվազում է ցավի զգացողությունը)։






