Երկու վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ խոլերայի եւ սիբիրյան խոցի բռնկումներ են գրանցվել Զամբիայում։ Ինչպես տեղեկացրել է Lusaka Times թերթը՝ հղում կատարելով առողջապահության նախարարությանը, մեկ օրում խոլերայով հիվանդացածների թիվն ավելացել է 74-ով, նրանցից 70-ը՝ Լուսակայում։
Լուսակայում այդ հիվանդությունից մահացել է եւս երեք մարդ, մահացու ելքերի ընդհանուր թիվը հասել է 60-ի։ Քանի որ խոլերան անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն», իշխանությունները բնակչությանը կոչ են անում ուշադիր հետեւել սանիտարիայի եւ հիգիենայի նորմերին։ Զամբիայի հետ միաժամանակ խոլերայի դեպքեր են գրանցվում նաեւ Զիմբաբվեում, Մոզամբիկում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2011 թվականից Աֆրիկայում նկատվել է խոլերայով հիվանդացության նկատելի աճ։
Աֆրիկայում միաժամանակ ակտիվորեն տարածվում է սիբիրյան խոցը։ Տարեսկզբից Զամբիայում այդ հիվանդությունից մահացել է 4 մարդ, երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը 700 է։ Սիբիրյան խոց նկատվել է նաեւ Մալավիում, Զիմբաբվեում եւ Ուգանդայում։






