Երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ամենամյա համաժողովն այս տարի անցկացվել  է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական օգնության թեմայով զեկույցներով:

«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և նպաստում է համագործակցության ամրապնդմանը` ոչ միայն մասնագիտական, փորձի փոխանակման մակարդակով, այլ նաև հիմք է երկկողմ ամուր կապերի և հարաբերությունների հետագա խորացման համար»,-իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր ելույթում նշել է, որ ամենամյա ռուս-հայկական համաժողովը հրահանգ է բժշկական կազմակերպություններին կենտրոնանալու որոշակի խնդիրների վրա. «Վնասվածքների բուժման հետ կապված բժշկական օգնությունը պահանջում է նորարարական մոտեցումներ և վերականգնողական միջոցառումներ: Այսօր այդ ոլորտը զարգանում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ` Հայաստանում: Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն, որը հետագայում կարող են զարգացնել»:

Համաժողովի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ՌԴ առողջապահության նախարարության  «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» միջև:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է, և բժշկական կենտրոնների փոխշահավետ համագործակցությունը ապագայում շոշափելի արդյունքներ կտա:

412794451_670461665275707_3846607241016453976_n.jpg (144 KB)
412761755_670461791942361_285444509176191771_n.jpg (100 KB)
412855267_670461971942343_7638443636968838891_n.jpg (184 KB)
413052428_670475705274303_5144182491336826734_n.jpg (269 KB)