Իտալացի հայտնի ինտերվենցիոն սրտաբան Ալֆրեդո Գալասսին դեկտեմբերի 18-20–ը բարդ միջամտություններ է իրականացրել «Բեսթ–լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնում։ Իտալացի սրտաբանն արդեն երկրորդ անգամ էր Երևանում՝ «Բեսթ–լայֆ»ի հրավերով։
Գալասսին, որը նաև դասախոսում է Ցյուրիխի համալսարանում, եվրոպական քրոնիկ փակ անոթների բուժման հարցերով զբաղվող Euro CTO ակումբի հիմնադիրներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների, այդ թվում՝ դասագրքերի հեղինակ։ «Բեսթ Լայֆ» կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ նման մասնագետների այցերը շատ կարևոր են ոչ միայն մեր պացիենտների, այլև՝ բժիշկների համար.
«Մենք նաև հրավիրել ենք ուրիշ կենտրոններից բժիշկներ մասնագետներ, որպեսզի իրենք էլ ինչ որ մի բան տեսնեն, յուրացնեն։ Մասնագետները հենց տեղում կարող են մասնակցել , սովորել, հարցեր ուղղել, վերցնել և այն շատ ուսուցողական ծրագիր է, և ես կարծում եմ, որ նման միջոցառումները բարձրացնում են տեղի մասնագետների որակը, ավելի ճիշտ ու ավելի արագ կատարելու համապատասխան գործողությունները», – ասում ՝ կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը։
Ալֆրեդո Գալասսիի այցի մասին հայտարարությունից հետո «Բեսթ Լայֆ»-ը հերթագրման բազմաթիվ հայտեր է ստացել։ Բժշկի սուղ ժամանակը հաշվի առնելով՝ ընտրել են միայն ամենաբարդ խնդիրներով հիվանդներին, միասին որոշել բուժման ընթացքն ու իրականացրել այն։
«Կատարվել են մոտ 10–ի հասնող բարդ գործողություններ, խրոնիկ անոթների բացում տարբեր տեխնիկաներով։ Օգտագործվել են բոլոր ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում նեղացման մորֆոլոգիայի գնահատման մեթոդները, նեղացման աստիճանի չափման մեթոդները, օգտագործվել է ներանոթային լիտոտրիպսիա, օգտագործվել է ռոտաբլատոր», – ասում է նա։
Պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին գոհ է հայ բժիշկների աշխատանքից։ Ասում է. բարդ գործողությունների ժամանակ շատ կարևոր է պրոֆեսիոնալ, փորձառու թիմ ունենալը, և հենց այդպիսին է «Բեսթ Լայֆի» ոչ միայն բժշկական, այլև կրտսեր անձնակազմը։ Նա ներկայացնում է քրոնիկ փակ անոթների բացման այն մեթոդները, որոնցով աշխատում, և սովորեցնում է աշխատել հայ բժիշկներին։
«Մենք միասին աշխատել ենք, որպեսզի լավագույն արդյունք ստանանք հայ հիվանդների համար, որպեսզի ամեն դեպքում հնարավոր լինի խուսափել բաց վիրահատությունից։
Մենք կատարել ենք շատ համալիր գործողություններ, որոնք ներառում էին ընդհանուր քրոնիկ խցանումներ և անոթների ճյուղավորումներ։ Այդ պրոցեդուրաների ժամանակ կիրառել ենք այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիան (OCT), ներանոթային ուլտրաձայնային հետազոտությունը (IVUS) և ռոտաբլատորը:
Երբ կա կալցիում, մենք պետք է վերաբացենք այդ անոթը ռոտաբլատորով, որը նման է անոթի ներսում հորատմանը: Եվ, ի տարբերություն ատամների հորատման, դա ցավոտ չէ, այն հնարավորություն է տալիս ստենտի տեղադրման գործողությունը հնարավորինս օպտիմալացնել: Երբ անոթները շատ կալցիֆիկացված են, ռոտաբլացիան անհրաժեշտ է բաց վիրահատությունից խուսափելու համար», – ասում է իտալացի բժիշկը։
Պրոֆեսոր Գալասսին առաջին անգամ Հայաստանում էր երկու տարի առաջ՝ կրկին «Բեսթ Լայֆի» հրավերով։ Փորձի փոխանակման հաջողված պատմությունն էլ հիմք է դարձել հմուտ և փորձառու բժշկին կրկին Հայաստան հրավիրելու համար։
«Ցանկություն առաջացավ կրկին հրավիրել պրոֆեսորին, որպեսզի էլ ավելի խորացնենք, էլ ավելի հմտանանք խրոնիկ փակ անոթների բացման վիրահատությունների մեջ, և հիանալի էր ստացվեց պայմանավորվածություն ձեռք բերել, նրա բազմազբաղ գրաֆիկից կտրել երեք օր, տրամադրել Հայաստանին, Բեսթ Լայֆ բժշկական կենտրոնում։
Խնդիրը հետևյալն է. մենք բացում ենք, ստենտավորում ենք նախկինում, տարիներ առաջ փակված անոթները, որոնք ունեն իրենց ցուոցումները բացելու, և կատարում ենք հատուկ ռետրոգրադ, այսինքն, կոլատերալ ցանց ենք անվանում, երբ որ բնական անոթը փակվում է, մյուս անոթը սկսում է ճյուղեր տալ, որ տվյալ մկանը սնուցում ունենա, և այդ մանր փոքր ճյուղերի միջոցով մենք գալիս ենք և մեծ անոթը բացում ենք, և ստանում ենք բնական հոսք։ Իսկ պրոֆեսորի հետ աշխատելը ոչ միայն ուսուցողական է, այլև մեծ հաճույք է, որովհետև աշխատել և շփվել մի մարդու հետ, որը համարվում է այս մասնագիտության՝ խրոնիկ փակ անոթների բացման հիմնադիրներից մեկը, և, իմ իմանալով, Եվրոպայում առաջինը ինքն է կատարել այդ վիրահատությունը, իհարկե մեծագույն հաճույք և բավականություն է», – ասում է «Բեսթ Լայֆ» կլինիկայի բուժական գծով փոխտնօրեն Խաչիկ Համբարձումյանը։
Իտալացի բժշկի մասնակցությամբ բոլոր երեք օրերին միջամտություններն ընթացել են առանց բարդությունների։ Պացիենտների մեծ մասը տանն է, առողջացման փուլում։ «Բեսթ Լայֆի» բժիշկները իտալացի մասնագետի մշակած առաջադեմ մեթոդներն արդեն կիրառում են ինքնուրույն։





