Ջորջիայի Հարավային համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ նորածնի ծանր քաշը կարող է կապվել մանուկ հասակում ճարպակալման հավանականության հետ։ Արդյունքները հրապարակվել են Reproductive and Developmental Medicine-ում (RDM)։

Հետազոտողներն օգտագործել են երեխաների առողջության եւ սննդի ազգային երրորդ հետազոտության տվյալները, որն իրականացվել է ԱՄՆ-ում 1988-1994թթ.։ Հետազոտման պահին մասնակից երեխաները եղել են երկուսից վեց տարեկան։ Նորածնի քաշի եւ ճարպակալման միջեւ կապերը պարզելու համար նրանք ուսումնասիրել են նաեւ 2 621 ամերիկացի երեխաների ծննդյան բժշկական վկայականները։ Գիտնականները գրանցել են նաեւ փորձարկվողների մայրերի մարմնի զանգվածի ինդեքսը։

Համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ խոշոր ծնված երեխաները իրենց հասակակիցներից (որոնց քաշը ծնվելիս  նորմի շրջանակում է եղել) երկու անգամ ավելի հաճախ են ունեցել ավելորդ քաշ կամ տառապել են ճարպակալմամբ երկուսից վեց տարեկանում։ Պարզվել է նաեւ, որ երեխան, որի մայրը ճարպակալում է ունեցել, մեծ հավանականությամբ կծնվի նորմը գերազանցող քաշով։ Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ 35 տարեկան կանայք երկու անգամ ավելի հաճախ են ծննդաբերում խոշոր երեխաներ, քան 20 տարեկանից երիտասարդները։

Հետազոտության հեղինակները նշել են, որ նորածնի բարձր քաշը կարող է մատնանշել մետաբոլիկ խանգարման եւ այն մասին, որ մայրը հղի ժամանակ չարաշահել է ուտելիքը։ Դա կարող է հանգեցնել ճարպակալման մանուկ հասակում։