Քաղցկեղի վիրուս գոյություն չունի։ Հիվանդությունը չի կարելի «որսալ» վերելակում կամ մետրոյում։ Բայց որոշ վիրուսներ կարող են բորբոքային պրոցեսներ եւ նախաքաղցկեղային վիճակներ առաջացնել, որոնք, իրենց հերթին, բարձրացնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին հայտնել է օնկոլոգ Անդրեյ Կապրինը, տեղեկացրել է aif.ru-ն։

«Այդ վիրուսներն անվանում են քաղցկեղածին։ Դրանցից են, օրինակ,  մարդու պապիլոմա վիրուսը (կարող է դառնալ արգանդի վզիկի, բերան-ըմպանի քաղցկեղի պատճառ), հեպատիտ С եւ В-ի վիրուսները (բարրձացնում են լյարդի քաղցկեղի հավանականությունը), հելիկոբակտերը (առաջ է բերում աթրոֆիկ գաստրիտ, որը բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը)։ ՄԻԱՎ ունեցող պացիենտների մոտ հաճախ առաջ է գալիս իմունադեֆիցիտային վիճակների բարդություն՝ Կապոշի սարկոմա»։

Որոշ քաղցկեղածին վիրուսներից հուսալիորեն պաշտպանում են պատվաստանյութերը։ Այն երկրների փորձը, որտեղ մարդու պապիլոմա վիրուսի դեմ ներարկումը ներառված է ներարկումների ազգային օրացույցում, ցույց է տալիս, որ պատվաստումը քանիցս նվազեցնում է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը, որը երիտասարդ կանանց օնկոլոգիայից մահանալու գլխավոր պատճառն է։ Մարդու պապիլոմա վիրուսի առկայությունն  ազդում է շագանակագեղձի քաղցկեղի ընթացքի ծանրության վրա։