Նովոսիբիրսկի գիտնականներն աշխատում են կորոնավիրուսի ղեղամիջոցի ստեղծման ուղղությամբ, նրանք համոզված են, որ նենգ հիվանդությանը կարող է հաղթել սովորական որքինը, տեղեկացրել է «Вести Новосибирск»-ը։
Մորուսավոր ուսնեից գիտնականներն առանձնացնում են ուսնինաթթուն։ Այն ստանալու տեխնոլոգիան մշակել եւ պատենտավորել են նովոսիբիրսկցի քիմիկոսները։ Դրա հիման վրա գիտնականները ստեղծել են ածանցյալներ, որոնք պակաս թունավոր են եւ ունեն հակավիրուսային հատկություններ։
«Դրանք խանգարում են վիրուսի բազմացմանը, որի միջին կենսական շրջափուլը կազմում է 8-10 ժամ։ Փորձերը ցույց են տալիս, որ վիրուսի բազմացումը բջջում նվազում է»,- պատմել է ՌԳԱ Սիբիրի բաժանմունքի օրգանական քիմիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օլգա Յարովայան։
Այդ դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ կարող է պայքարել, երբ մարդն արդեն հիվանդացել է։ Ուսնինաթթուն արգելակում է վիրուսի զարգացումն օրգանիզմում։ Որպեսզի ապաքինման գործընթացն ավելի արագ ընթանա, գիտնականները կատարելագործում են նյութի մոլեկուլները։
«Մենք ուսնինաթթվի կառուցվածքի մեջ ենք մտցրել փոխարինիչ, որը, հավանաբար, թույլ է տվել մոլեկուլին տեղավորվել կորոնավիրուսային պրոտերազայի կառուցվածքում առավել հաջող ձեւով»,- բացատրել է ՌԳԱ Սիբիրի բաժանմունքի օրգանական քիմիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Ալեքսանդր Ֆիլիմոնովը։
Ուսնինաթթուն կարող է դիմակայել վիրուսի վեց շտամների, այդ թվում «դելտային», «օմիկրոնին», «կրակենին»։ Փորձերն անցկացվել են բջջային մակարդակում, եւ գիտնականները հասկանում են, թե ինչպես պետք է փոխել բնական մոլեկուլի կառուցվածքը, որպեսզի նոր ակտիվ միացություն ստացվի։ Նրանք գտել են թեկնածու նյութեր հետագա մինչկլինիկական հետազոտությունների համար։
Առայժմ պարզ չէ, թե դրանք դեղահաբեր են լինելու, թե լուծույթ։ Գիտնականները պատրաստվում են հերթական հետազոտությանը, հետո անհրաժեշտ կլինի մինչկլինիկական եւ կլինիկական փորձարկումներ կատարել։ Դրա վրա եւս մի քանի տարի կծախսվի։






