Կանադայում 2022թ., 2021թ. տվյալների համեմատ, 31,2 տոկոսով ավելացել է ինքնակամ էվթանազիայի դեպքերի թիվը։ Այս մասին տեղեկացրել է CBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության վիճակագրությանը։
Անցած տարի բժիշկների օգնությամբ կյանքից հեռացել է ավելի քան 13,2 հազար կանադացի. 2022թ. արդյունքներով այդ թիվը կազմել է երկրում գրանցված բոլոր մահերի 4,1 տոկոսը։ 2023թ. տվյալները դեռ չեն հրապարակվել։
Էվթանազիայի մասին օրենքը, որը գործում է 2016թ. հունիսից, տարածվում է միայն Կանադայի քաղաքացիների վրա։ Օրենքի համաձայն՝ բժիշկների օգնությամբ կյանքից ինքնակամ կարող են հեռանալ միայն 18 տարեկանից բարձր հոգեպես առողջ մարդիկ, որոնք տառապում են անբուժելի հիվանդություններով կամ այնպիսի վնասվածքներ են ստացել, որոնցից անխուսափելիորեն մահանալու են։ Օրենքը չեղարկել է էվթանազիա իրականացնող բժիշկների քրեական հետապնդումը։
2016թ. ի վեր օրենքից օգտվել է մոտ 45 հազար մարդ։






