Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. նրա առողջական վիճակը ծանր է։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն արդեն ամբուլատոր պայմաններում»,- նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում բուժում ստացող քաղաքացիներն արդեն հետ են վերադառնում. բավական լավ արդյունքներ են գրանցվել, բուժման կեսը կշարունակեն Երևանում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2023-ի սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։