Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն, եթե գրանցվեն որոշակի սիմպտոմներ՝ աշակերտներին տուն կուղակեն, անհրաժեշտության դեպքում պետք է դիմել նաեւ բժշկի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, իրենք վերահսկում են դպրոցներում բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում մինչև 2 տոկոսը. «Ունենք գործողությունների հստակ պլան, եթե այդ տոկոսի աճի որոշակի միտում գրանցվի:

Բացի այդ, պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի։ Ռեանիմացիոն ու մյուս մահճակալային ֆոնդը մեր խիստ հսկողության տակ է, կարծում ենք՝ իրավիճակը կմնա կառավարելիի շրջանակում»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատվաստվելն է. «Պատվաստանյութը Հայաստանում հասանելի է եղել հենց հոկտեմբերի սկզբից, այսօր շրջանառվող երկու հիմնական շտամերը՝ H1N1 և H3N2, ներգրավված են պատվաստանյութերի մեջ»,- ասաց ԱՆ նախարարը:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանում Կովիդի դեմ պատվաստանյութի պակաս կա, Ավանեսյանն ասաց. «Պատվաստանյութի գնման գործընթացը մեկնարկել է դեռ ամիսներ առաջ, սակայն ցավոք սրտի, մի քանի շրջափուլով առաջարկ չի եղել: Այս վերջին մրցույթի արդյունքով կարծես ունենք մասնակից, շուտով կկնքվի պայմանագիր եւ կովիդի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի»: