Ժողովրդավարական եւ օրենքի գերակայություն ունեցող երկրում նորմալ է, որ դատարանների վճիռները կանխորոշված չեն գործադիր մարմնի որոշումներով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ղեկավարած կառույցից աշխատանքից ազատված աշխատակիցները դիմում են դատարան եւ վերականգնվում իրենց պաշտոնում եւ պետությունը փոխհատուցում է նրանց հարկադիր պարապուրդի համար։

«Այո, մենք էլ դատարանում հանդիսանում ենք կողմ, մի դեպքում պարտվում ենք, մի դեպքում շահում ենք; Թե ինչքանով են այդ որոշումները իրավաչափ, մենք մեր դիրքորոշումն ունենք եւ բողոքարկում ենք հիմնականում այդ որոշումները: Հուսով ենք, որ դատական համակարգի կայացման, զարգացման արդյունքում դատական գործերով մեր ծանրաբեռնվածությունը կնվազի եւ որոշումներն էլ, մեր ընկալմամբ, ճիշտ կլինեն»,-ասաց նա:

Հարցին՝ ստացվում է, որ Ձեր գնահատմամբ դատարանի որոշումը ճիշտ չէ՞, նախարարն արձագանքեց. «Եթե բողոքարկում ենք, ուրեմն համաձայն չենք այդ որոշումների հետ»:

Հիշեցնենք, որ Ծաղիկ Վարդանյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից երկու գրավոր կարգապահական տույժի ենթարկվելուց հետո ազատվել էր ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի  պաշտոնից։ Որոշումը բողոքարկելուց և Առաջին ատյանի դատարանում հաղթելուց հետո  Ծաղիկ Վարդանյանը վերականգնվեց իր պաշտոնին։ Նման դեպքերում պետությունը պարտավոր է  փոխհատուցել աշխատակցի հարկադիր պարապուրդի համար։