Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը այս պահին գտնվում է կառավարությունում. «Հույս ունենք, որ առաջիկայում կառավարությունը կընդունի օրենսդրական փաթեթը եւ կգնա ԱԺ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով այդ փաստաթղթում ներդրված սկզբունքներին, նախարարն ասաց. «Մենք սահմանեցինք, որ կունենանք փուլային ներդրում եւ արդեն 2027-ին կունենանք ամբողջական ներդրում: Հաջորդ կետը ապահովագրական փաթեթի մասով է: Այն կլինի ֆիքսված գումար, բայց որպեսզի մեղմենք այս ծախսը մեր քաղաքացիների համար, որոնք միջին աշխատավարձից ցածր են ստանում, պետությունը կգործարկի սուբսիդավորման ճկուն համակարգ: Այդ շեմից ցածր ստացողների համար կգործի 30, 40, 50 տոկոսի սուբսիդավորման մեխանիզմը:

Բացի այդ, ստեղծվելու է պետական ապահովագրական հիմնադրամ: Սա ամենաօպտիմալ տարբերակն է, որ բոլորիս ապահովագրական ռիսկերը մեկտեղվեն, եւ դրա արդյունքում ունենանք ավելի մատչելի ապահովագրական փաթեթի արժեք:

Ներդրման փուլերը սկսվելու են 2024-ի հուլիսից, եւ ամեն տարի կընդլայնվի թե շահառուների խումբը, թե գործարկման բոլոր կտորները: 2027-ին այն պարտադիր կլինի բոլոր քաղաքացիների համար»,-ասաց նախարարը: 

Ավանեսյանը մանրամասնեց, որ այս տարվա հուլիսից առողջապահական փաթեթը կգործարկվի այն անձանց համար, որոնք այսօր պետական պատվերի շահառու են՝ մասնավորապես մինչեւ 18 տարեկան երեխաները, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները: «Նրանց համար պետական պատվերը կդառնա ապահովագրական փաթեթ: 2025-ին պլանավորվում է, որ կենսաթոշակային տարիքի  հասած քաղաքացիները կապահովագրվեն եւ սոցփաթեթի շահառուները: Տարեցտարի կմիանան պետական ֆորմալ աշխատանք ունեցողները եւ 2027-ին պարտադիր կդառնա բոլորի համար:

Ապահովագրական փաթեթի գինը մեր հաշվարկներով կազմելու է մինչեւ 200 հազար դրամ տարեկան: Ըստ փուլերի վերջնական արժեքը հասանելի կլինի»,-ասաց նա:

Ավանեսյանի խոսքով, այդ փաթեթը ներառելու է հստակ շրջանակ. «Մենք ներառելու ենք այն ցանկը, որը հասանելի է լինելու մեր քաղաքացիների համար, որ տարընթերցումների տեղիք չտա: Փաթեթը իր բացվածքով բոլոր քաղաքացիներին հասանելի կլինի»: