Հայաստանի առողջապահության նախարարության կողմից  ինսուլինի ձեռք բերման հետ կապված ոչ մի խնդիր եւ օրենսդրական խախտումներ չեն գրանցվել:  Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց  Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, ի պատասխան  օրերս «Ժողովուրդ» թերթում հրապարակված  տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին: Թերթի տեղեկություններով, Հայաստան ներմուծվող ինսուլինը մաքսազերծված չէր, ինչի համար ել պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տուգանել է նախարարության աշխատակցին ընդամենը 50 հազար դրամով:  Սա, պարբերականի պնդմամբ, անթույլատրելի փոքր գումար է 100 գրամը  7-8  հազար դրամ առժողությամբ 1200 կիլոգրամանոց բեռի համար: 

Ինչպես պարզ դարձավ Քրմոյանի խոսքից, թյուրիմածությունն առաջացել է  բեռն ուղեկցող փաստաթղթերի ուշացման պատճառով:

«Քանի  որ ներմուծող ընկերության կողմից փոստի միջոցով ուղարկված պայմանագրի բնօրինակը երկու-երեք օր ավելի ուշ հասավ՝ մաքսային ձեւակերպման համար նախատեսված տասը օրից ավելի ուշ, բեռի մաքսազերծումն էլ երկարաձգվեց նույն ժամանակով:  Բեռի ուշացման համար, օրենքի համաձայն, նշանակվեց 50 հազար դրամ տուգանք: Տվյալ դեպքում եւ տուգանքը վճարողը, եւ ստացողը պետությունն է, քանի որ առողջապահության նախարարության վճարած գումարները գնացին պետբյուջե»,- ասաց Քրմոյանը:

Բուն դեղորայքի, նրա որակի, պահպանման  եւ մաքսային  օրինախախտումների հետ կապված ոչ մի այլ խնդիրներ չեն եղել: Ամեն ինչ կատարվել էօրենքի սահմաններում:

«Բոլորովին վերջերս առողջապահության նախարարությունը հինգ տարով Հայաստան ինսուլինի ներմուծման պայմանագիր է կնքել հայտնի դանիական «Նովո Նորդիս» դեղագործական ընկերության  հետ: Սա առաջին ներմուծումն էր  Հայաստանի համար  շատ ձեռնտու պայմանագրի շրջանակներում: Տեղի ունեցածից հետո մենք մեր գործընկերեների հետ պայմանավորվել ենք , որ հաջորդ անգամ  բեռն ուղեկցող  փաստաթղթերը  ժամանակին կներկայացվեն, եւ մենք կհասցնենք օրենքով սահմանված 10 օրում  մաքսազերծել բեռը: Այնպես որ դրա հետ խնդիրներ չեն լինի»,- հուսադրեց Սուրեն Քրմոյանը:

Ավելացնենք, որ ինչպես նախկինում ասել էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը,  հայտնի դանիական դեղագործական «Նովո Նորդիս» ընկերությունը անցյալ տարիներին էլ է Հայաստան այս դեղամիջոցը ներմուծել:  Մինչդեռ առողջապահության նախարարությունը ստիպված էր այն ձեռք բերել միջնորդի՝ «Նատալի Ֆարմ» ընկերության միջոցով երեք անգամ ավելի թանկ գնով: Հիմա նախարարությունը պայմանագիր է կնքել անմիջապես արտադրողի հետ:  Իսկ խնայված գումարները ծախսվել են Հայաստան ներմուծվող ինսուլինի ծավալի ավելացման վրա, ինչի շնորհիվ, ըստ առողջապահության նախարարի, բնակչությունն ամբողջությամբ ապահովված է այս դեղամիջոցով: «Սկզբում մենք փորձեցինք  պայմանավորվել  մեր ընկերությունների հետ այս դեղամիջոցը ավելի էժան գնով ներմուծելու հարցի շուրջ, բայց նրանցից ոչ մեկը չհամաձայնվեց», - ասել էր Դումանյանը: