Կրկին սովորել քայլել 83 տարեկանում։ Չվախենալ եւ գտնել բժշկի, որը նույնպես չի վախենա այդ տարիքի պացիենտին երկու բարդ վիրահատություն կատարել, ընդ որում, շատ կարճ ժամանակահատվածում։ Երկու կոնքազդրային հոդերի ռեվիզիա՝ այսինքն նախկինում արդեն պրոթեզավորված հոդերի նոր պրոթեզավորում։
«Նա ինձ երկրորդ կյանք տվեց». ասում է տիկին Լաուրան իր բժշկի՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոքսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանի մասին։
«Բժիշկ Հարությունյանը ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաեւ նա լավ մարդ է։ Նրա բարեհամբյուր ժպիտը հիվանդին բուժում է, հիվանդին հույս ու հավատ է տալիս։ Նրա բարձր ինքնավստահությունը հիվանդին ուժ ու եռանդ է տալիս։ Նա ինձ տվեց երկրորդ կյանք։ Խորհուրդ եմ տալիս բոլորին փնտրել եւ գտնել նրան, եւ իրենք շատ գոհ կմնան», – ասում է նա։
Բուլղարիայում բնակվող տիկին Լաուրային կոքսարտրոզ են ախտորոշել 50 տարեկանում։ Ուներ շատ ուժեղ ցավեր, մի կերպ էր քայլում։ 23 տարի առաջ վիրահատել են մի հոդը, 16 տարի առաջ՝ մյուսը։ Երկրորդ վիրահատությունից հետո ազդոսկրում ցավ է ունեցել, որը գնալով սաստկացել է։
«Այդ ոտքի վրա ես կայուն չէի կարողանում կանգնել։ Եվ էդ ցավերը ինձ տանջում էին։ Ես երկարատեւ ժամանակ բուժումներ արեցի՝ օգտագործել եմ բոլոր միջոցները այն վերականգնելու համար։ Բայց դա չանցավ։ Ես ստիպված եղա դիմել բժիշկների երկրորդ անգամ վիրահատելու համար, որը բավականին դժվար էր։
Դիմեցի մի քանի շատ լավ մասնագետների, նրանք բոլորը հրաժարվեցին։ Իհարկե հիմնականում իմ տարիքի համար, բավականին տարիքով էի արդեն», – ասում է տիկին Լաուրան։
Բժիշկ Հարությունյանն ասում է. այս դեպքն իր բարդությամբ ունիկալ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի օրթոպեդների համար։ Նախ՝ հոդերն արդեն պրոթեզավորված էին, եւ երկու պրոթեզներն էլ՝ տեղաշարժված ։ Երկրորդը՝ պացիենտը տարեց է, մի շարք առողջական խնդիրներով։
«Իրանք վերադարձան մեզ մոտ արդեն Իսրայելից։ Բոլոր բժշկական կենտրոնները բավականին լուրջ ու մեծ տագնապով էին մոտեցել պացիենտին։ Պացիենտը տարբեր կլինիկաներ դիմելով հայտնվեց մեզ մոտ, դիմեց ինձ, նույնպես շատ լուրջ պատրաստելուց հետո, ամեն ինչ ճիշտ բացատրելուց հետո, հիվանդը ընտրեց մեզ, ինչի համար մենք իրան շատ շնորհակալ ենք։ Հիվանդն ընտրեց մեր կլինիկան, մեր թիմը», – ասում է բժիշկը։
Առաջին ռեվիզիոն էնդոպրոթեզավորումը կատարել են չորս ամիս առաջ, որից հետո տիկին Լաուրան անցել է վերականգնողական շրջան։ Երկրորդ հոդը վիրահատել են ընդամենը երեք ամիս անց, եւ դա, ըստ Հարությունյանի, հնարավոր ամենասեղմ ժամկետն էր՝ հատկապես երկրորդ հոդի վիրահատության բարդությունը հաշվի առնելով։





