Երեւանում այսօր «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրների» շուրջ գիտա-գործնական միջազգային գիտաժողով է մեկնարկել, որին ոլորտի՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ մի շարք այլ երկրներ ներկայացնող փորձագետներ են մասնակցում: Գիտաժողովին հրավիրված է նաեւ Կարինա Մայսուրաձեն՝ առաջին կինը, ով Հայաստանում տասը տարի առաջ ԱՄԲ շնորհիվ երեխաներ է ունեցել:

«10 տարի առաջ առողջապահական համակարգի մեծ աշխատանքի արդյունքում Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան ծնվեց: Մեկ տարի առաջ էլ ծնվեց մյուս եռյակը՝ այն հիանալի հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում, որը ղեկավարում է Ռիտա Սարգսյանը», - բացման խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցին նշել է, որ գիտաժողովի ընթացքում արտամարմնային բեղմնավորման բոլոր այժմեական խնդիրներն են քննարկվելու, ինչի շնորհիվ բժիշկները վերարտադրողական առողջության բնագավառում նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կարող են ստանալ:

Կարինե Առուստամյանի խոսքով, եթե տասը տարի առաջ արտամարմնային բեղմնավորման շնորհիվ երեխա ունենալը բազմաթիվ զույգերի համար երազանք էր մնում, ապա այսօր այդ ուղղությունը հայաստանյան բժշկության մեջ զարգացել եւ կայացման է հասել. տարիներ առաջ արտամարմնային բեղմնավորումը միայն մեկ կենտրոնում էր իրականացվում, սակայն այսօր արդեն առօրյա աշխատանք է դարձել՝ մի շարք կլինիկաների համար:

Արտամարմնային բեղմնավորումը եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացումը բավական թանկ հաճույք է (ԱՄԲ մեկ փորձի արժեքը մոտ 1 միլիոն 200 հազար դրամից է սկսվում), այդ իսկ պատճառով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո «Արագիլ» բարեգործական հիմնադրամն է ստեղծվել, որի շնորհիվ այսօր բազմաթիվ զույգեր իրենց՝ երեխա ունենալու երազանքը կյանքի կոչելու հնարավորություն են ստանում:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցն իր հերթին հիմնադրամի գործունեության արդյունքներն է ներկայացրել.

«Կատարվել է արտամարմննային բեղմնավորման 140 ցիկլ, որոնց արդյունքում ծնվել է 28 երեխա, եւ տվյալ պահին էլ զարգացող հղիություններ կան», - նշել է նա:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ արտամարմնային բեղմնավորման փորձերի մոտ 37-38 տոկոսն են ծննդաբերությամբ ավարտվում եւ հավաստիացրել, որ Հայաստանում զարգացած երկրների կողմից ընդունված բոլոր ստանդարտներն են գործածվում: