Բազմակի միելոման, որը բուժվել է հեպատիտից հետո, ցույց է տալիս, որ այդ ուռուցքը կարող է առաջանալ հեպատիտի վիրուսներից։ Հայտնագործությունը հրապարակվել է Haematologica ամսագրում։

Բազմակի միելոմայի (հատուկ չարորակ ուռուցք) դեպքում ի հայտ են գալիս մեծ քանակությամբ անոմալ բջիջներ, որոնք արտադրում են հակամարմիններ՝ այս կամ այն վարակից պաշտպանելու համար։ Մի քանի տարի առաջ իսպանացի պացիենտը բուժվել էր բազմակի միելոմայից այն բանից հետո, երբ բժիշկները նրան բուժել էին հեպատիտ С-ից հակավիրուսային դեղամիջոցի օգնությամբ։ Արդյունքում՝ բջիջները, որոնք հակամարմիններ են արտադրում հեպատիտ С-ի դեմ, դադարել են բազմանալ նրա ոսկրածուծում։

Պարզելու համար, թե արդյոք միելոմայից ազատվելը կապված էր հակավիրուսային թերապիայի հետ, գիտնականները հետազոտություն են իրականացրել հեպատիտ B կամ C ունեցող 54 պացիենտների մասնակցությամբ։ Բոլոր մասնակիցների մոտ եղել է նաեւ մոնոկլոնալ գամմապատիա՝ վիճակ, որը հաճախ նախորդում է բազմակի միելոմային։ Գիտնականները հաստատել են, որ պացիենտների օրգանիզմում չափից ավելի շատ են եղել հեպատիտի վիրուսին ուղղված հակամարմինները։

Այնուհետեւ հետազոտողները սկսել են ուսումնասիրել բազմակի միելոմա ունեցող 1 300 պացիենտների, որոնք վարակված էին հեպատիտ В-ով, եւ 1 200 պացիենտների՝ հեպատիտ С-ով։ Երկու դեպքում նրանց մոտ, ովքեր հակավիրուսային բուժում էին ստացել, ողջ մնալու հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է եղել։

Գիտնականների կարծիքով՝ հեպատիտ B կամ C ունեցող պացիենտները պետք է որքան հնարավոր է շուտ սկսեն հակավիրուսային թերապիան։ Կարեւոր է նաեւ բացառել այդ վարակներն այն մարդկանց մոտ, ովքեր մոնոկլոնալ գամմապատիա ունեն, որպեսզի խուսափեն չարորակ ուռուցքների առաջացումից։