Գերմանիայում այսօրվա դրությամբ 467 դեպքերում ընդունվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից առողջությանը հասցված վնասը։ Այս մասին տեղեկացրել է Neue Osnabrücker Zeitung թերթը՝ հղում կատարելով բոլոր 16 դաշնային հողերի իրավասու մարմինների պատասխանին՝ Գերմանիայում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից չորս տարի հետո։

 Կորոնավիրուսի դեմ պատվաստումից առողջությանը հասցված վնասի ընդունման պահանջով հայտարարություն է արել 11 827 մարդ։ Ավելի քան 5 000 պահանջ մերժվել է, 658 հայց կարգավորվել է «այլ պատճառներով», 5 597 հայտարարություն դեռ գտնվում է մշակման փուլում։ Եթե հաշվի առնվի այն, որ Գերմանիայում պատվաստվել է մոտ 65 մլն մարդ, ապա հայտատուների թիվը կկազմի 0,018 տոկոս։ Իսկ այն ներարկումների թիվը, որոնք իսկապես վնաս են պատճառել առողջությանը, այսօրվա դրությամբ չի գերազանցում 0,00072 տոկոսը։

Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ, որը պատվաստվել է COVID-19-ի դեմ, վեց ամսվա ընթացքում կարող է հայտարարություն տալ առողջությանը հասցված վնասի մասին եւ համապատասխան փոխհատուցում պահանջել։ Սակայն այդ հայցերի դիտարկումը շատ երկար է տեւում, նշել է թերթը։ Պատճառներից մեկը, նշել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, այն է, որ բժիշկները չունեն այն ամբողջական պատկերը, թե ինչ կապի մեջ է գտնվում առողջության վատացումը կատարված պատվաստումների առանձին դեպքերի հետ։