Մարդկությունը կարող է բախվել նոր համավարակի սպառնալիքին այն վիրուսների պատճառով, որոնք գտել են Սիբիրի հավերժական սառածություններում, գրել է The Guardian-ը։

Գիտնականների կարծիքով՝ վտանգ կա, որ հին սիբիրյան վիրուսները կարող են ազատ արձակվել գլոբալ ջերմացման պատճառով եւ առաջ բերել անհայտ հիվանդությունների բռնկումներ։ «Մաթուսաղայի այդ միկրոբների»  շտամները կամ զոմբի-վիրուսները, ինչպես անվանում են դրանք, արդեն պարզված եղել են հետազոտողների կողմից։ Գիտնականները նախազգուշացրել են, որ հաջորդ համավարակը կարող առաջանալ ոչ թե նոր վիրուսներից, այլ հեռավոր անցյալի հիվանդությունից։ Այս առնչությամբ կենսաբաններն սկսել են մտածել մոնիթորինգի արկտիկական ցանցի ստեղծման մասին, որը կպարզի հիվանդությունների դեպքերը, որոնք կարող են առաջանալ հնագույն միկրոօրգանիզմներից։ Ծառայությունը կապահովի  վարակվածների կարանտինը եւ որակյալ բուժօգնությունը, ինչպես նաեւ կվերահսկի մարդկանց տեղաշարժը վարակի գոտում։

«Այժմ համավարակային սպառնալիքների ուսումնասիրությունը կենտրոնացած է այն հիվանդությունների վրա, որոնք կարող են առաջանալ հարավային շրջաններում, իսկ հետո տարածվել հյուսիսում։ Ընդ որում՝ քիչ ուշադրություն է դարձվում հնարավոր բռնկմանը Ծայր Հյուսիսում, ինչը կարող է տարածվել հարավում, եւ ես կարծում եմ, որ սա բացթողում է։ Այնտեղ կան վտանգավոր վիրուսներ, որոնք կարող են վարակել մարդկանց եւ նոր համավարակ առաջացնել»,- տեղեկացրել է գենետիկ Ժան-Միշել Քլավերին Մարսելի համալսարանից։

2014թ. Քլավերին գլխավորում էր այն գիտնականների խումբը, որոնք մեկուսացրել էին կենդանի վիրուսներին Սիբիրում եւ ապացուցել, որ դրանք նախկինի պես կարող են վարակել միաբջիջ օրգանիզմներին՝ չնայած հավերժական սառածության մեջ անցկացրած հազարամյակներին։ 2023թ. հրապարակված հետազոտությունները պարզել են մի քանի վիրուսային շտամների գոյությունը Սիբիրի յոթ տարբեր կետերում, որոնք կարող են վարակել աճեցվող բջիջներին։ Միկրոօրգանիզմներից մեկը մոտ 48,5 հազար տարեկան էր։

«Վիրուսները, որոնք մենք առանձնացրել ենք, կարող էին վարակել միայն ամեոբաներին եւ վտանգ չէին ներկայացնում մարդու համար։ Բայց մենք նույնականացրել ենք պոքսիվիրուսների եւ հերպեսավիրուսների գենոմային հետքերը, որոնք մարդու լավ հայտնի պաթոգեններ են»,- ասել է Քլավերին։

Ընդ որում՝ ամենաբարձր վտանգը ներկայացնում է ոչ թե հավերժական սառածության հալումը, այլ «գլոբալ ջերմացման մեկ այլ գործոն. արկտիկական ծովային սառույցի անհետանալը։ Այդ փոփոխությունը թույլ կտա զարգացնել նավագնացությունը, տրանսպորտային հաղորդակցությունը եւ Սիբիրի արդյունաբերությունը։ Նախատեսվում են մասշտաբային լեռնարդյունահանման գործողություններ, որոնց ընթացքում խոր հավերժական սառածությունում կհորատվեն հսկայական անցքեր եւ հանքեր նավթի եւ հանքանյութերի արդյունահանման համար։ Այդ գործողությունները ազատ կարձակեն պաթոգենների հսկայական քանակություն, որոնք դեռ գտնվում են այնտեղ։ Հանքափորները կիջնեն այնտեղ եւ կշնչեն վիրուսները։ Հետեւանքները կարող են աղետալի լինել»,- բացատրել է Քլավերին։