Բրազիլիան փետրվարին կսկսի դենգե տենդի դեմ պատվաստումների արշավը, քանի որ պոտենցիալ մահացու հիվանդության դեպքերի աճը մտավախություն է առաջացրել բռնկման մասին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իշխանություններին:

Բրազիլիան, որը դեկտեմբերին հաստատեց նոր Qdenga պատվաստանյութը, կլինի աշխարհում առաջինը, որը կառաջարկի այն իր հանրային առողջապահական համակարգի միջոցով, ասում են պաշտոնյաները:

Այնուամենայնիվ, հասանելի չափաբաժինների քանակը մնում է սահմանափակ՝ պատվաստանյութ մշակողի՝ ճապոնական Takeda դեղագործական ընկերության կողմից մատակարարման պակասի պատճառով, հայտնել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:

«Դենգեի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 750,000 չափաբաժիններով, ժամանել է Բրազիլիա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ընդհանուր առմամբ, Բրազիլիան ակնկալում է այս տարի երեխաների համար նախատեսված երկու մասից բաղկացած պատվաստանյութի 6,5 միլիոն չափաբաժին ստանալ։

Անցյալ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ տվեց Qdenga տալ վեցից 16 տարեկան երեխաներին՝ դենգեի բռնկման օջախներում։ 

Պատվաստանյութը հաստատել են նաև Եվրամիությունը, Ինդոնեզիան և Թաիլանդը։

Անցյալ տարի Բրազիլիայում դենգեի դեպքերը 2022 թվականի համեմատությամբ աճել են 57 տոկոսով։ Իսկ 2024 թվականի առաջին երկու շաբաթների ընթացքում երկրում գրանցվել է 56,000 դեպք՝ կրկնապատկելով 2023 թվականի ցուցանիշը։

Բրազիլիայում այս տարի հիվանդությունից վեց մարդ է մահացել։

Դենգը, որը տեղափոխվում է մոծակների միջոցով և առաջացնում է հեմոռագիկ տենդ, ամեն տարի ազդում է 100 միլիոնից մինչև 400 միլիոն մարդու վրա, թեև դեպքերի մեծ մասը, ըստ ԱՀԿ-ի, մեղմ են կամ առանց ախտանիշների: