Խոլերայի եւ սուր լուծի ավելի քան 470 դեպք է գրանցվել Սոմալիում հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը՝ նշելով, որ ներկա բռնկումը 2023-ի բռնկման շարունակությունն է, երբ խոլերայով հիվանդացել էր ավելի քան 18,3 հազար մարդ։

«Սոմալիում տարածվում են խոլերան եւ սուր ջրիկ լուծը։ Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության ավելի քան 470 դեպք, այդ թվում մահվան առնվազն ինը դեպք»,- նշել են վարչությունում։ Այդ դեպքերի մեծ մասը բաժին է ընկել երկրի կենտրոնական մասի Հիրշաբելե նահանգին, որտեղ 2023թ. վերջին անձրեւների սեզոնի ժամանակ ուժեղ հեղեղումներ են տեղի ունեցել։

«Ներկա բռնկումը 2023-ի բռնկման շարունակությունն է, երբ գրանցվել էր հիվանդության ավելի քան 18,3 հազար դեպք, որոնց կեսից ավելին մինչեւ հինգ տարեկան երեխաներ էին»,- նշվել է հաղորդագրությունում։ ՄԱԿ-ը եւ գործընկերները հիվանդության արձագանքման միջոցառումներ են իրականացնում հեղեղումներից տուժած շրջաններում։ Խոսքը, մասնավորապես, նոր բժշկական կենտրոնների ստեղծման մասին է Բելեթ Վեյն, Բոլո Բուրտո եւ Դայնիլ շրջաններում։ Բացի այդ, «ջանքեր են գործադրվում հանրությանը իրազեկելու մասին՝ բուժաշխատողների ներգրավմամբ»։

Անձրեւների շրջանում (ապրիլ-հունիս) Սոմալիում սպասվում են նոր հեղեղումներ։ «Հումանիտար օգնության անբավարար ֆինանսավորումը լուրջ խնդիր է»,- փաստել են վարչությունում։ «Անցած տարի [դոնորներին] ուղղված կոչով  2,6 մլրդ դոլար է հատկացվել, Սոմալիում 7,6 մլն մարդ ֆինանսավորվել է առնվազն 44 տոկոսով։ Ստացվել է 1,1 մլրդ դոլար»,- հիշեցրել են վարչությունում։