Հետազոտողների գնահատմամբ, մոտ 32 միլիոն մարդ ունի տկարամտության մի տեսակ, որը կոչվում է Ալցհեյմերի հիվանդություն, և ևս 69 միլիոնը գտնվում են պրոդրոմալ փուլում, որը սահմանվում է որպես թույլ ճանաչողական խանգարումների առկայություն:
Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդությունը ազդում է ուղեղի գործառույթների վրա, ինչպիսիք են հիշողությունը, տարածական ընկալումը, խոսքը և գիրը, բայց նվազ հայտնի են հիվանդության հետ կապված ուղեղի փոփոխությունները, որոնք կարող են ազդել նաև աչքերի վրա:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները կարող են առաջանալ նաև աչքի ցանցաթաղանթում։ Հետազոտողները Ալցհեյմերի հիվանդության դեպքում նշել են նաև փոփոխություններ կոնտրաստային զգայունության, որն անհրաժեշտ է ընթերցանության համար, գունային տեսողության և տեսադաշտի կորստի հարցերում։
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նոր ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրել են, թե ինչպես է Ալցհեյմերի հիվանդությունը ազդում աչքերի վրա՝ բացահայտելով աչքի հազվագյուտ հիվանդության հետևանքները, որը հայտնի է որպես հետին կորտիկալ ատրոֆիա կամ Բենսոնի համախտանիշ:
Գիտնականները հայտնել են, որ հետին կորտիկալ ատրոֆիա ունեցող մարդկանց մոտ 94%-ի մոտ ախտորոշվել է նաև Ալցհեյմերի հիվանդություն:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Neurology ամսագրում:
Հետին կորտիկալ ատրոֆիան, որը նաև հայտնի է որպես Բենսոնի համախտանիշ, հազվագյուտ նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ազդում է տեսողության վրա:
Այս հիվանդությունը հանգեցնում է ուղեղի բջիջների մահվան՝ ուղեղի հետևի մասում, որը պատասխանատու է մարդու տեսածը կառավարելու համար:
Հետին կորտիկալ ատրոֆիայի առաջին ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս 50-ից 65 տարեկանում: Ախտանիշները կարող են տարբեր լինել, բայց սովորաբար ներառում են.
- տեսողության խնդիրներ,
- մարդկանց, վայրերի և/կամ առարկաների ճանաչման դժվարություն,
- բառեր և/կամ թվեր կարդալու դժվարություններ,
- հեռավորությունը ճիշտ գնահատելու անկարողություն,
- շարժվելիս դռներին և կահույքին բախվելը,
- մեքենա վարելու հետ կապված խնդիրներ,
- ձախն աջից տարբերելու անկարողություն,
- անհանգստություն,
- գիտակցության շփոթություն,
- վարքագծի փոփոխություններ։
Չնայած նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետին կորտիկալ ատրոֆիան առավել հաճախ կապված է Ալցհեյմերի հիվանդության պաթոլոգիայի հետ, սակայն այս վիճակի տարածվածությունը դեռևս անհայտ է:
Հետազոտողների գնահատմամբ, Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց 5-15%-ը կարող է ունենալ նաև հետին կորտիկալ ատրոֆիա:
Այս հետազոտության համար գիտնականները վերլուծել են 16 երկրների 36 բժշկական հետազոտական կենտրոններում հետին կորտիկալ ատրոֆիա ունեցող ավելի քան 1000 մարդկանց տվյալները:
Հետազոտողները պարզել են, որ հետին կորտիկալ ատրոֆիա ունեցող հետազոտության մասնակիցների մոտ 94%-ը ունեցել է նաև Ալցհեյմերի հիվանդության պաթոլոգիա, մինչդեռ մնացած 6%-ը ունեցել է այլ տկարամտություն, ներառյալ Լյուիի մարմնիկներով դեմենցիա և ճակատաքուքային դեգեներացիա:






