Գիտնականները պարզել են, որ ուլտրաձայնային հետազոտությունները, որոնք հայտնաբերում են կնոջ արգանդի վզիկի միկրոկառուցվածքային փոփոխությունները, կարող են վկայել վաղաժամ ծննդաբերության ավելի մեծ ռիսկի մասին:

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Obstetrics & Gynecology ամսագրում։

Սկանավորումն իրականացվել է դեռ հղիության 23-րդ շաբաթում և օգնել է գնահատել վաղաժամ ծննդաբերության ռիսկերը նույնիսկ առաջին անգամ ծննդաբերող կանանց մոտ:

Ծնունդների 10%-ից 15%-ը վաղաժամ են լինում:

«Այսօր բժիշկները հիմնվում են  վաղաժամ ծննդաբերության նշանների և ախտանիշների վրա, ինչպիսին պտղի թաղանթի պատռումն է», - պարզաբանել է  հետազոտության առաջատար հեղինակ Բարբարա Մաքֆարլինը: Նա Չիկագոյի Իլինոյսի համալսարանի (UIC) բուժքույրական մասնագիտության պատվավոր պրոֆեսոր է: «Մեր տեխնիկան օգտակար կլինի հյուսվածքների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար, այլ ոչ միայն ախտանիշների»:

Ինչպես բացատրել է  Մաքֆարլինի թիմը, այս պահին միակ ցուցիչը, որ հղիությունը կարող է ավարտվել վաղաժամ ծննդաբերությամբ, կնոջ նախորդ ծննդաբերությունների պատմությունն է: Սա նշանակում է, որ բժիշկները չեն կարող կանխատեսել առաջին անգամ ծննդաբերող կանանց վաղաժամ ծննդաբերությունը:

Մաքֆարլինը և նրա գործընկերները տարիներ շարունակ աշխատել են ուլտրաձայնային տեխնոլոգիայի ճշգրտման ուղղությամբ՝ փնտրելով այն նշանները, ըստ որոնց կինը կարող է  ծննդաբերել ոչ ժամանակին:

Նոր հետազոտության մեջ օգտագործված սկանավորման ձևը կոչվում է «քանակական ուլտրաձայնային հետազոտություն»:

Բացառապես տեսողական պատկերների վրա հիմնվելու փոխարեն բժիշկներն օգտագործում են նաև ուլտրաձայնային հետազոտությամբ ստացված ռադիոհաճախականության տվյալները՝ տարբեր հյուսվածքների խտությունը գնահատելու համար:

Քանակական ուլտրաձայնային հետազոտությունն օգտագործելով  արգանդի վզիկի հյուսվածքի միկրոկառուցվածքային փոփոխությունները հայտնաբերելու համար, Մակֆարլինի թիմը պարզել է, որ սկանավորումն արդյունավետ է կանխատեսելու համար, թե առաջնածին որ մայրերը վաղաժամ կծննդաբերեն, իսկ որոնք՝ ոչ:

Այս ռազմավարությունն էլ ավելի արդյունավետ է եղել  նախկինում ծննդաբերած մայրերի շրջանում:

Հետազոտողները պարզել են, որ ուլտրաձայնային հետազոտության արդյունքների համադրումը վաղաժամ ծննդաբերության նախկին պատմության հետ ավելի արդյունավետ է հետագա վաղաժամ ծնննդաբերությունները կանխատեսելու համար, քան այս չափումներից մեկն առանձին գործածելը։

Ինչպե՞ս կարող է ուլտրաձայնային հետազոտությունը փոխել մանկաբարձական պրակտիկան:

Հետազոտողների կարծիքով, եթե բժիշկները հղիության 23-րդ շաբաթում իմանան, որ վաղաժամ ծննդաբերության ավելի մեծ հավանականություն կա, նրանք ավելի հաճախ տեսակցություններ կնշանակեն՝ պտղի առողջությունը վերահսկելու համար:

«Նոր հետազոտությունը կարող է նաև մեկնարկային կետ դառնալ այն գործընթացների ուսումնասիրումը սկսելու համար, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել կամ հետաձգել վաղաժամ ծննդաբերությունները», - նշել է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Բիլ Օ'Բրայենը: