Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ են շուրջ 4 հազար զինվորականների ուղարկել Արեւմտյան Աֆրիկայի երկրներ՝ տեղում բժշկական եւ լոգիստիկ օգնություն տրամադրելու համար:
Ավելի վաղ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները հաղորդել էին, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են 3 հազար զինվորականների արեւմտաաֆրիկյան տարածաշրջան գործուղել: Սակայն, ինչպես փոխծովակալ Կիրբին է նշել, «հիշյալ երկրներում մոլեգնող համաճարակի դեմ պայքարի ծավալներն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ամերիկյան զինվորականների թիվը կարող է 4 հազարի հասնել»:
Մինչ այդ, ինչպես ԱՄՆ նախագահի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Լիզա Մոնակոն է նշել, Արեւմտյան Աֆրիկայի երկրների հետ սահմանների փակումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ՝ Էբոլե հեմոռագիկ տենդի դեմ պայքարի համար: Խորհրդականի հետ համակարծիք է նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենը: Նրա խոսքով, աֆրիկյան երկրներից մուտքի սահմանափակումը չի կարող մահացու վտանգավոր հիվանդության տարածման ռիսկի նվազեցման հանգեցնել եւ օգտակար չի լինի՝ վիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Ներկայիս դրությամբ Միացյալ Նահանգներում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման երկու դեպք է գրանցվել: Աֆրիկայում գրանցված վարակման դեպքերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հոկտեմբերի 3-ին տրամադրված տվյալների համաձայն, 7470-ի է հասել, որոնցից 3431-ը՝ մահվան ելքով:






