Ավագ բուժաշխատողները առողջապահության ոլորտում որպես ֆիզիկական անձինք ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար պետք է ստանան անհատական լիցենզիա։ Այս մասին Ազգային ժողովում, առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունվարի 31-ին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ընդ որում՝ անկախ աշխատանքի վայրից։
Բացի այդ, կլինիկական օրդինատորները, ինչպես նաեւ ռազմաբժշկական հաստատություններում հետդիպլոմային կրթություն ստացող անձինք պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա։
«Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան կտրվեն կենտրոնացված քննության արդյունքներով։ Քննությունն անցկացվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների առաջադրանքների հիման վրա»,- տեղեկացրել է Ավանեսյանը։
Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։






