Սիլդենաֆիլ, առավել լայն շրջանակներում՝ Վիագրա անվամբ հայտնի դեղամիջոցը էրեկտիլ դիսֆունկցիայի հաղթահարման նպատակով է կիրառվում: Բացի այդ, այն կարող է նաեւ թոքերի զարկերակային հիպերտենզիայի եւ գաստրոպարեզի առկայության պարագայում օգտակար լինել: Սակայն, ինչպես Նոր Հարավային Ուելսի համալսարանը ներկայացնող գիտնականներն են պարզել, սիլդենաֆիլը նաեւ տեսողության վրա բացասաբար անդրադառնալու հատկություն ունի: Science World Report-ի փոխանցմամբ, այն աչքի ցանցաթաղանթից ուղեղին լուսային ազդակների հաղորդման գործում կարեւորագույն դերակատարում դրսեւորող ֆերմենտներից մեկի գործառնականությունը ճնշելու հատկություն ունի: Վնասակար ազդեցության նկատմամբ հատկապես աչքերի ժառանգական՝ կուրության հանգեցնող հիվանդությամբ՝ պիգմենտային ռետինիտով ախտորոշված մարդիկ են խոցելի:

Նորմալ տեսողություն ունեցող մարդիկ անգամ կարող են, առանց այդ մասին պատկերացում ունենալու, պիգմենտային ռետինիտի առաջացում հրահրող գենի կրողը լինել: Բանն այն է, որ վերը նկարագրված՝ PDE6 անվամբ հայտնի պիգմենտ արտադրող գենի մուտացիան կարելի է աշխարհի 50 բնակիչներից մեկի մոտ գտնել: Այդուհանդերձ, հիվանդության զարգացման համար փոփոխված գենի երկու օրինակ է հարկավոր:

Հետազոտության շրջանակում գիտնականները սիլդենաֆիլի մեկ չափաբաժնի՝ առողջ եւ հիշյալ մուտացիան կրող լաբորատոր մկների նկատմամբ ազդեցությունն են ուսումնասիրել: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցի ազդեցությամբ առողջ կրծողների մոտ տեսողության ժամանակավոր կորուստ է ի հայտ գալիս: Նույն ազդեցությունը մուտացիա կրող կենդանիների մոտ առավել երկար է տեւել: Բացի այդ, գիտնականները մկների աչքերի մեջ բջջային մահացության վաղ նախանշաններ են հայտնաբերել: Մի խոսքով՝ վստահաբար կարելի է ասել, որ սիլդենաֆիլը ցանցաթաղանթի հիվանդություն կրող մարդկանց մոտ դեգեներացիայի առաջացում կարող է հրահրել:

Սակայն, գիտնականների եզրահանգմամբ, Վիագրայի բարձր չափաբաժինները նաեւ առողջ մարդկանց պարագայում կարող են տեսողության ժամանակավոր խանգարման հանգեցնել: Դեղամիջոցի կողմնակի ազդեցություններից են բարձր զգայունությունը՝ պայծառ լույսի նկատմամբ, միգապատ տեսողությունը եւ լույսի ընկալման հետ կապված խանգարումները: Հետազոտության հեղինակները զգուշացնում են. Վիագրա նշանակելիս բժիշկները պետք է հաշվի առնեն, որ այն կարող է կուրության հանգեցնել: