Գիտնականները պարզել են, որ CSIRO ընկերության կողմից՝ սմարթֆոնների համար մշակված վերականգնողական ծրագիրը բուժհաստատություններում առաջարկվող համարժեք միջոցառումներից առավել արդյունավետ է գործում: Խոսքը սրտի նոպայի ենթարկված հիվանդների մասին է, որոնք, որպես կանոն, մի քանի ժամ տեւողությամբ խմբային դասընթացներ եւ սեմինարներ են անցնում կլինիկայում: Բրիսբենի՝ սրտի հերթական նոպայից հետո կենդանի մնացած 60 բնակիչների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիշյալ հավելվածի օգնությամբ մարդիկ 30 տոկոսի չափով առավել հաճախ են վերականգնողական ծրագրին իրենց մասնակցությունը բերում, 40 տոկոսի չափով առավել հաճախ՝ ծրագրով առաջարկվող բոլոր միջոցառումներն իրականացնում եւ կրկնակի անգամ հաճախ՝ այն ամբողջությամբ ավարտում:
The Daily Telegraph-ի հաղորդմամբ, բուժհաստատություններում առաջարկվող ծրագիրը կիսատ թողնելու պատճառները մի քանիսն են. նախ՝ հիվանդներից շատերի մոտ մոտիվացիայի կորուստ է նկատվում, եւ, բացի այդ էլ, կլինիկա հասնելու հետ կապված խնդիրներ կարող են ծագել: Սմարթֆոնների համար մշակված ծրագիրն առավել հասանելի է՝ հատկապես այն հիվանդների համար, որոնք բուժհաստատությունից հեռու են բնակվում:
Վերականգնողական հավելվածը խորհուրդներ է տրամադրում առ այն, թե ինչ ինչպես պետք է սնվել եւ մարզվել, եւ երբ՝ նշանակված դեղամիջոցներն ընդունել: Բացի այդ, այն նաեւ մոտիվացնող տեքստեր է ներառում: Վերականգնողական ծրագրի՝ ամենօրյա կյանքին ինտեգրումն այն ավարտին հասցնելու եւ կենսակերպը փոխելու հրաշալի հնարավորություն է ընձեռում մարդկանց: Հիվանդները նաեւ առողջության ընթացիկ վիճակն ու առաջընթացը գրանցելու հնարավորություն ունեն: Հիշյալ տեղեկություններն այնուհետեւ ինտերնետ-պորտալի միջոցով բժիշկների ու բուժքույրերի տրամադրության տակ են հայտվում:
Բժիշկների խոստովանմամբ, անչափ դժվար է համոզել հիվանդներին, որ վերականգնողական ծրագրին մասնակցեն: Նրանք նախ եւ առաջ պետք է միջոցառման կարեւորությունն ընկալեն, ուստի Բրիսբենում գործող մի քանի բուժհաստատություններ այսուհետ նաեւ հիշյալ հավելվածի մասին տեղեկություններ են տրամադրելու:
Գիտնականները մտադիր են նաեւ թոքերի հիվանդություններ եւ շաքարախտ ունեցող մարդկանց համար նմանատիպ՝ վերականգնողական ծրագրեր մշակել:






