«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը միջազգային հավատարմագրում է ստացել, իսկ միջոցառման մասնակիցներն էլ շարունական կրթության 6 միավորի եւ EACCME (European Accreditation Council for Continuing Medical Education Institution of the UEMS) կողմից հաստատված հավաստագրերի կարժանանան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանն է հայտնել:
Նրա խոսքով, EACCME-ի հավաստագիրը բավականին մեծ դեր է խաղում եւ բարձր է գնահատվում Արեւմուտքում:
Հայաստանում շարունակական կրթությանը եւ բժիշկների լիցենզավորմանը վերաբերող հարցերը դեռեւս քննարկման փուլում են, սակայն բազմաթիվ այլ երկրներում բժիշկները ստիպված են ողջ կյանքի ընթացքում շարունակել իրենց կրթությունը՝ լիցենզիայից չզրկվելու համար: Օրինակ, 5 տարվա ընթացքում բժիշկը պետք է շարունակական կրթության 100 միավոր ձեռք բերի՝ լիցենզիայի տեւողությունը երկարաձգելու եւ աշխատանքը շարունակելու համար: Միավորները տարբեր գիտաժողովներին եւ վերապատրաստման դասընթացներին մասնակցության շնորհիվ ձեռք են բերվում: Այսպիսով, համակարգը ստիպում է, որպեսզի բժիշկները հաճախակի գիտաժողովների ու դասընթացների մասնակցեն, նոր բաներ սովորեն եւ միշտ ոլորտի նորություններով հետաքրքրվեն:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում կայացած ոչ մի համագումար կամ գիտաժողով հավատարմագրում չի անցել եւ կարեւոր նյութեր պարունակելու հանգամանքը հավաստող որեւէ միջազգային փաստաթուղթ չի ստացել: Հոկտեմբերի 3-ին մեկնարկած «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովի կազմակերպիչները Եվրոպական բժշկական ասոցիացիային են դիմել, որը եւ գիտաժողովին շարունակական կրթության 6 միավոր է շնորհել:






