Հունվարին Երևանի շտապ օգնության ծառայության կանչերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 25 տոկոսով: Շտապ օգնություն ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով, աճը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանվածների հաշվին Երևանի բնակչության թվի աճով: Կանչերի թվին զուգահեռ ավելացել է նաև շտապ օգնության աշխատանքից բողոքողների թիվը. ասում են՝ երկար են սպասում շարժակազմի ժամանմանը,  ոմանք էլ չեն կարողանում կապ հաստատել ծառայության հետ:  Ռուբեն Գրիգորյանի խոսքով խնդիրը լուծելու և քաղաքացիների պատշաճ սպասարկումն իրականացնելու  համար  հարկավոր է ավելացնել շտապ օգնության շարժակազմերի թիվը:

«Ընդհանուր առմամբ կա 47 բրիգադ, որոնցից 2-ը դիակային են, մեկը՝ հոգեբուժական, 44-ը գծային բրիգադներ են: Նախարարության մեր գործընկերների հետ բանակցությունների մեջ ենք, բրիգադների քանակը մոտ ժամանակներում կավելանա», – ասում է նա։

Շտապ օգնության տնօրենը նշում է, որ վիճակագրություն են կազմում, կա՞ն արդյոք հեռախոսահամարներ, որոնք զանգել են շտապ օգնություն, սակայն չեն կարողացել կապ հաստատել, դեռևս նման հեռախոսահամար չեն հանդիպել: Ամեն դեպքում, նման դեպքերից խուսափելու համար ևս 2 հեռախոսավար են աշխատանքի ընդունել:

Ռուբեն Գրիգորյանն ասում է, վերջին շրջանում ավելի են շատացել դեպքերը, երբ քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են կանչ գրանցում ամենօրյա ներարկումների համար: Նրա խոսքով, այդպիսի հարցերով առողջության պահպանման առաջնային օղակները պետք է զբաղվեն: 

«Խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը դիմել շտապ օգնությանը այն դեպքերում երբ իրոք անհրաժեշտությունը կա, այն դեպքերը որոնք կարող է սպասարկել պոլիկլինիկան, դիմել պոլիկլինիկա և մշտապես կապի մեջ լինել, որպեսզի մենք կարողանանք սպասարկել իսկապես հրատապ դեպքերը», – ասում է տնօրենը։

Հիմա քննարկվում է նաև մոպեդների միջոցով առաջին բուժօգնություն իրականացնելու տարբերակը: Ռուբեն Գրիգորյանի խոսքով, թեև մոպեդներով աշխատանքը զգալիորեն կկրճատի իրենց ծախսերը, և ինչ-որ չափով կհեշտացնի շտապ օգնության աշխատանքը, սակայն բացասական կողմեր նույնպես կան: Նախագիծը կյանքի կոչելն էլ  բավական լուրջ աշխատանք է պահանջում:

«Դա քննարկման փուլում է , հաշվի է առնվում Եվրոպական երկրների փորձը: Իհարկե կան դրական և բացասական կողմեր: Դրականն կողմերից կարող եմ նշել այն, որ այն դեպքերը որոնք հոսպիտալացման կարիք չունեն, շատ ավելի արագ կսպասարկվեն: Բացասական կողմերից այն է, որ կմեծանան վթարների դեպքերը: Վարորդները կհաստատեն, որ որքան էլ ձայնաազդանշանային համակարգը միացած լինի, մեկ այլ բան է մեքենան, որը մեծ է և տեսանելի, մեկ այլ բան է մոպեդը», – ասում է Ռուբեն Գրիգորյանը։