Էկվադորի Սահմանադրական դատարանը օրինական է համարել երկրում էվթանազիայի անցկացումը, տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը։
«Սահմանադրական դատարանը որոշել է, որ անձի ազատ զարգացումը ներառում է կյանքի իր ուղին գծելու յուրաքանչյուր անհատի կարողությունը... Յուրաքանչյուր մարդ կարող է ազատ որոշում կայացնել... ներառյալ անշրջելի ծանր վնասվածքի կամ անբուժելի հիվանդության հետ կապված տառապանքներին վերջ դնելու հնարավորությունը»,- նշվել է դատարանի որոշման մեջ։
Դատարանը որոշել է, որ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը, որով նախատեսվում է բանտարկություն սպանության համար, չի կարող կիրառվել էվթանազիա իրականցնող բժիշկների նկատմամբ։
Առողջապահության նախարարությունը պետք է երկու ամսվա ընթացքում մշակի էվթանազիայի իրականացման կանոնակարգեր, իսկ մարդու իրավունքների գծով լիազորը՝ կես տարում պատրաստի օրենք, որն այնուհետեւ կքննարկի ասամբլեան։
Դատարանի որոշումը Պաոլա Ռոլդանի խնդրանքի պատասխանն է. կինը տառապում է կողային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Նա կաթվածահար է 95 տոկոսով եւ կարող է ապրել միայն թոքերի արհեստական շնչառության սարքի հաշվին, տեղեկացրել է Primicias թերթը։






