Փետրվարի 7-ի դրությամբ սուր շնչառական վարակներով 769 մարդ է հոսպիտալացվել՝ 81 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները: Նույն օրվա դրությամբ թոքաբորբով 330 մարդ է հոսպիտալացվել՝ 65 տոկոսը կրկին 0-18 տարեկան: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) բժիշկ համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Նրա խոսքով, թեև նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներն ավելի ակտիվ են, վերջին 4 շաբաթների ընթացքում հոսպիտալացումների թիվը գրեթե անփոփոխ է:
Խոսելով գրիպի դեմ պատվաստման մասին, բժիշկը նշեց, որ այն կանխարգելում է գրիպի ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը: Գրիպի դեմ պատվաստումները առաջին հերթին առաջարկվում են խոցելի խմբերին՝ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներին, հղի կանանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին, 65 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց:
«Չնայած դրան, բոլորն էլ կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա և ստանալ գրիպի դեմ պատվաստում»,- ասաց նա:
Այլ շնչառական վարակների դեպքում, կանխարգելում կարող է լինել փակ տարածքի օդափոխությունը, խոնավ մաքրումը, հնարավորության դեպքում մարդկային կուտակումներից խուսափումը, հանրային վայրերում դիմակի կրումը:
Բժիշկ-համաճարակաբանը հորդորեց սուր շնչառական վարակների դեպքում մնալ տանը, խուսափել հանրային վայրեր այցելելուց, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհրաժեշտության դեպքում դիմել տեղամասային բժշկին:
«Անհրաժեշտության դեպքում հարկավոր է դիմել տեղամասային բժշկին և ժամանակին բուժում ստանալ, չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն շնչառական հիվանդությունների բուժման համար»,- ասաց Եվգենյա Խաչատրյանը:
Սուր շնչառական վարակների հնարավոր աշխատնիշներն են քթահոսությունը, կոկորդի ցավը, ջերմությունը, գլխացավը, մկանացավը, ընդհանուր թուլությունը և այլն:






