ԱՄՆ Կալիֆոռնիայի եւ Հյուսիսարեւմտյան բժշկական համալսարանների գիտնականները հայտնաբերել են նոր մուտացիա, որի շնորհիվ բարձրանում է T-լիմֆոցիտների՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու ունակությունը։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Լիմֆոմա առաջացնող չարորակ T-բջիջների ուսումնասիրության ժամանակ գիտնականները պարզել են եզակի մուտացիա, որը նպաստում է այդ բջիջների՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու ունակությունը։ T-բջիջները կամ T-լիմֆոցիտները կարեւոր դեր են խաղում ձեռքբերովի իմունիտետի ձեւավորման գործում։ Դրանք ապահովում են այն բջիջների հայտնաբերումն ու ոչնչացումը, որոնք օտարածին հակամարմիններ են կրում։ Այնուամենայնիվ, երբեմն օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ այդ բջիջները մուտացնում են, ինչը դրանց անկարող է դարձնում օրգանիզմի պաշտպանության համար։

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ բոլոր մուտացիաները չէ, որ հանգեցնում են T-լիմֆոցիտների դիսֆունկցիայի։ Դրանցից մեկը, որն ընկած է քաղցկեղի բջիջների կայունության եւ ադապտիվության հիմքում, կարող է «գերլիցքավորել» իմունային T-բջիջները։ Հետազոտողները հայտնաբերել են գեն, որը պատասխանատու է այդ փոփոխությունների համար, եւ ուժեղացրել են դրա աղդեցությունը մկների օրգանիզմում ներդնելուց հետո։ Նշվել է, որ փորձի ընթացքում T-բջիջների պաշտպանական ունակությունների արդյունավետությունը բարձրացել է հարյուր անգամ։

Այժմ գիտնականների թիմն աշխատում է թերապիայի նոր պոտենցիալ մեթոդի կատարելագործման ուղղությամբ՝ մարդկանց վրա փորձերն սկսելուց առաջ։ Նրանք հուսով են, որ նորույթը կբարձրացնի մինչ այժմ անբուժելի համարվող քաղցկեղի տեսակների թերապիայի արդյունավետությունը։