Ընթացիկ շաբաթվա մեկնարկից ի վեր՝ ԱՄՆ-ում Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշման առաջին դեպքից հետո, երկրում հիվանդության տարածման շուրջ մտահոգությունները նոր թափ են հավաքել, հաղորդում է FoxNews-ը:
Ճիշտ է՝ տենդի տարածման կանխարգելմանը միտված բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվել են: Դալլասցի Թոմաս Էրիկ Դունկանի ողջ ընտանիքը կարանտինի է հանձված՝ հենց այն իսկ բնակարանում, որտեղից հիվանդին բուժհաստատություն էին տեղափոխել: Ընդհանուր առմամբ, 50 քաղաքացիներ, որոնք սեպտեմբերի 20-ին Աֆրիկայից հայրենիք վերադարձած Դունկանի հետ շփման մեջ են գտնվել, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի (CDC) հսկողություն տակ են առնված:
Եւս 10 ամերիկացիների մոտ՝ կրկին Տեխաս նահանգից, Էբոլա վիրուսով վարակված լինելու բարձր հավանականություն է դիտարկվում: Ինչպես նախորդ դեպքում, նրանք եւս պետք է 21 օր շարունակ՝ վիրուսի զարգացման ինկուբացիոն շրջանի ողջ ընթացքում, խիստ վերահսկողության տակ մնան: Թեեւ, ինչպես CDC-ի փորձագետներն են վկայում, տենդի առաջին ախտանշանները, որպես կանոն, 8-10-րդ օրերի ընթացքում են ի հայտ գալիս: Կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի տնօրեն դոկտոր Բեթ Բելի հավաստիացմամբ, մինչ այդ պահը Էբոլայով վարակված մարդիկ չեն կարող վարակիչ համարվել:
«Վարակման վարկածի հաստատումից հետո երեք չափազանց կարեւոր միջոցառումներ պետք է իրականացվեն», - լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը: «Նախ եւ առաջ, հարկ է հիվանդից վարակման հավանականությունը բացարձակ նվազագույնի հասցնել, երկրորդ՝ առավելագույնը անել՝ հիվանդի ապաքինումն ապահովելու համար: Երրորդ ու թերեւս ամենաբարդ միջոցառումը հիվանդի հետ շփման մեջ մտած բոլոր մարդկանց վերհանումն ու հետազոտումն է», - մեկնաբանել է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդմամբ, Էբոլա հեմոռագիկ տենդի զարգացման առաջին փուլի ախտանշաններից են տենդը, ուժասպառությունը, գլխացավը, մկանների եւ կոկորդի ցավը: Իսկ հիվանդի հետ «անմիջական շփումը» նրա՝ կենդանի թե անկենդան մարմնից արտանետված հեղուկ զանգվածների՝ արյան, թքի, լորձի, փսխուքի, մեզի կամ կղանքի՝ առողջ մարդու աչքերի, քթի, բերանի, բաց կտրվածքի, վերքի կամ քերծվածքի հետ շփում է ենթադրում:
Էբոլան չի կարող սննդի եւ ջրի հետ միասին կամ, սուր վարակիչ շնչառական ինֆեկցիաների, մասնավորապես՝ կարմրուկի կամ ջրծաղիկի նման, օդով անցնել: Հազն ու փռշռոցը հեմոռագիկ տենդի ախտանշանների մեջ չեն մտնում, բայց եւ կարող են թքի կամ լորձի՝ առողջ մարդու աչքերի, քթի կամ բերանի հետ շփման արդյունքում, վարակման միջոց դառնալ:
CDC-ն ներկայացնող փորձագետների հավաստիացմամբ, Էբոլայից ապաքինված մարդիկ այլեւս վիրուսը տարածելու սպառնալիք չեն ներկայացնում: Նրանց օրգանիզմում առնվազն 10 տարի գոյատեւելու ընդունակ հակամարմիններ են առաջանում:
Այդուհանդերձ, ապաքինումից հետո՝ նույնիսկ 3 երեք ամիս անց նախկին հիվանդի սերմնահեղուկի մեջ կարելի է Էբոլայի բջիջներ գտնել: Հենց այդ պատճառով էլ հեմոռագիկ տենդից ապաքինվելուց հետո էլ հիշյալ ժամանակահատվածի ընթացքում հարկավոր է կամ ընդհանրապես հրաժարվել սեռական հարաբերություններից, կամ գոնե՝ պահպանակ կրել:
Էբոլան օրգանիզմից դուրս՝ սեղանի մակերեսին կամ դռան բռնակների վրա ընդամենը մի քանի ժամ կարող է ապրել: Սակայն մարմնից արտանետված հեղուկ զանգվածներում, օրինակ՝ արյան մեջ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է նույնիսկ մի քանի օր կենդանի մնալ:
ԱՀԿ-ի գնահատմամբ, հեմոռագիկ տենդով վարակման տեսանկյունից ամենախոցելի խմբում առանց պատշաճ անհատական պաշտպանության միջոցների գործող կամ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման վերապատրաստում չանցած բուժաշխատողներն են:
ԱՄՆ առողջապահական ոլորտի պատասխանատուները մինչ այժմ հրաժարվում են նախքան Դունկանի մեկուսացումը նրա խնամքով զբաղված՝ ներկայումս հիվանդությամբ վարակված լինելու ռիսկը կրող բուժանձնակազմի անդամների թիվը նշել:
CDC-ի հաղորդմամբ, Էբոլայի ոչնչացման նպատակով, բացի հիվանդանոցներում կիրառվող ախտահանիչների, կարելի է նաեւ կենցաղային ժավել կիրառել:






