Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի Ցիտոլոգիայի եւ գենետիկայի ինստիտուտի գիտնականները զարմացրել են նոր հայտնագործությամբ։ Նրանք գտել են ներկայիս 30-ականների՝ 1992-1995թթ. ծնված սերնդի գեների տարբերություններ, տեղեկացրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Ճգնաժամային դարաշրջանի» երեխաներին նախորդ եւ հաջորդ սերունդների երեխաներից տարբերում են գեների տեսակները, որոնք պատասխանատու են սթրեսակայունության եւ տագնապային խանգարումների հանդեպ ցածր հակման համար։
«Ճգնաժամային խմբում հետազոտված 21 գենետիկ տարբերակներից բարձր հաճախակիություն ունեցել են երկուսը՝ DRD4 եւ COMT գեները։ Գեների այս երկու տեսակները ոչ միայն պաշտպանում են սթրեսից, այլեւ նախատրամադրում են ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշի առաջացմանը»,- նշել է կենսաբանական գիտությունների թեկնածու Սվետլանա Միխայլովան։
Գիտնականների աշխատանքը տեւել է երկու տարի։ Առաջին տարում նրանք ուսումնասիրել են լավ նկարագրված գեները, իսկ երկրորդ տարում՝ պակաս ուսումնասիրվածները։ Հայտնաբերվել է, որ 90-ականների ճգնաժամի ժամանակ ծնված սերնդի մոտ ավելի բարձր է եղել ESR1 գենի տեսակներից մեկի հաճախակիությունը։ Այն առաջ է բերում մեծ տագնապայնություն, բայց եւ բարձրացնում է արդյունավետությունը։ Այս արդյունքը շատ է զարմացրել հետազոտողներին, սակայն դրա համար բացատրություն են գտել։
«Գուցե, բարձ տագնապայնություն ունեցող մարդկանց մի մասը կայունություն է փնտրում ավանդական կենսակերպում կամ ջանում է գտնել ոչ թե հարմարավետության պայմաններ, այլ իր նշանակալիության, կենսական նպատակի զգացողություն»,- ավելացրել է Սվետլանա Միխայլովան։
Աշխատանքի ժամանակ էլի են հարցեր առաջացել, օրինակ՝ կազդե՞ն արդյոք սթրեսակայունության ալելներում փոփոխությունները մարդու էվոլյուցիայի վրա ժամանակակից աշխարհում։ Սա պարզելու համար պետք է էլ ավելի մասշտաբային հետազոտություններ անցկացնել։






