ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ, ընտանեկան բժիշկ Ռիկ Սակրան, ով ընդամենը 10 օր առաջ է Էբոլա տենդի դեմ բուժումն ավարտել, կրկին հիվանդանոց է տեղափոխվել՝ այս անգամ՝ «վերին շնչուղիների ինֆեկցիա» ախտորոշմամբ: Բժիշկների հավաստիացմամբ, Սակրայի մոտ մահացու վտանգավոր հիվանդության ռեցիդիվ չի նկատվում: Այդուհանդերձ, ABCnews-ի հաղորդմամբ, նախազգուշական նկատառումներով՝ մինչ նախնական ախտորոշման հաստատումը, հիվանդին մեկուսացնելու մասին որոշում է կայացվել:
51-ամյա Սակրան, ով Լիբերիայում մասնագիտական առաքելություն իրականացնելիս՝ հիվանդների շփման արդյունքում է Էբոլա վիրուսով վարակվել, սեպտեմբերի 26-ին է Նեբրասկա նահանգում գործող բուժհաստատություններից մեկի մեկուսարանը լքել: Նա թվով երրորդն էր՝ Աֆրիկայում հեմոռագիկ տենդով վարակված եւ բուժման նպատակով հայրենիք տեղափոխված չորս ամերիկացի բժիշկներից:
Մինչ այդ, Էբոլայով վարակված եւ Տեխաս նահանգի բուժհաստատություններից մեկի խնամքին հանձնված մեկ այլ ամերիկացու՝ Էրիկ Դունկայի մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվում: «Ամերիկայի ձայնի» վկայակոչմամբ, բուժհաստատության ներկայացուցիչները հիվանդի ծայրահեղ ծանր վիճակի մասին են հայտարարել:
Էրիկ Դունկանը մեկ շաբաթ առաջ է Լիբերիայից վերադարձել: Ազգականներին տեսակցելու նպատակով աֆրիկյան հիշյալ երկիրը մեկնած ամերիիկացու մոտ մահացու վտանգավոր հիվանդությամբ ախտորոշումը Դալասի բուժհաստատություններից մեկին է բաժին հասել: Դունկանի ողջ ընտանիքը ներկայումս կարանտինի մեջ է գտնվում: Բացի հարազատներից, եւս 50 մարդ, որոնց շփման մեջ են մտել հիվանդի հետ, մշտական վերահսկողության տակ են առնված: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի հաղորդմամբ, նրանցից 9-ը «վարակման բարձր ռիսկի» խմբում են ներառվել:






