City of Hope-ը՝ («Հույսի քաղաք») ԱՄՆ-ում քաղցկեղի հետազոտման և բուժման խոշորագույն կազմակերպություններից մեկը, հայտարարել է 68-ամյա տղամարդու արյան քաղցկեղի և ՄԻԱՎ-ի բուժման մասին: Նա դարձել է ամենատարեց հիվանդը, ով հաղթել է և՛ արյան քաղցկեղը, և՛ ՄԻԱՎ-ը: Հետազոտությունը հրապարակվել է NEJM ամսագրում։

Կալիֆոռնիայից 68-ամյա Փոլ Էդմոնդսը դարձել է աշխարհում հինգերորդ մարդը, ով հասել է սուր միելոգեն լեյկեմիայի և ՄԻԱՎ-ի ռեմիսիայի՝ հազվագյուտ գենետիկ մուտացիայով ցողունային բջիջներ ստանալուց հետո: Այս մուտացիան մարդկանց վիրուսի նկատմամբ դիմացկուն է դարձնում: Այս հինգ հիվանդների մեջ Էդմոնդսն ամենաերկարը ՄԻԱՎ-ով ուներ՝ ավելի քան 31 տարի:

Տղամարդը փոխպատվաստում է ստացել 2019 թվականի փետրվարի 6-ին և այժմ համարվում է լեյկոզից բուժված: Նա գրեթե երեք տարի առաջ դադարեցրեց ՄԻԱՎ-ի դեմ հակառետրովիրուսային թերապիան և երկու տարի հետո կհամարվի ՄԻԱՎ-ից բուժված:

Գիտնականները թերապիան հարմարեցրել են՝ հաշվի առնելով հիվանդի ՄԻԱՎ վարակի տարիքը և տևողությունը։ Այսպիսով, նրանք օգտագործել են ավելի ցածր ինտենսիվության քիմիաթերապիա՝ նվազեցնելու բարդությունների հավանականությունը: Բուժման համար նրանք պետք է գտնեին դոնոր, որը կատարյալ կհամապատասխաներ հիվանդին և ուներ հազվագյուտ գենետիկ մուտացիա, որը հանդիպում է ընդհանուր բնակչության միայն 1-2%-ի մոտ: