Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի անգամ թեթեւ ձեւը կարող է բարձրացնել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության, պեպտիկ խոցի, աղեստամոքսային դիսֆունկցիայի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների հավանականությունը վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Արդյունքները հրապարակվել են BMC (BioMed Central) Medicine-ում։

Հետազոտությունում օգտագործվել են 37-73 տարեկան մարդկանց տվյալները Մեծ Բրիտանիայի բիոբանկից, որտեղ պահվում են մարդկային կենսաբանական նմուշներ։ 112 311 փորձարկվողների մոտ մինչ այդ եղել է COVID-19, 359 671-ը չի հիվանդացել COVID-19-ով (այդ մասնակիցները հսկիչ խումբն էին կազմում), իսկ 370 979 մասնակից հիվանդացել էր հետազոտության անցկացման շրջանում։

Մասնակիցների առողջական վիճակի գնահատումից հետո հետազոտողները պարզել են, որ COVID-19-ը կապված էր գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության (ԳԷՌՀ) հավանականության հետ 41, պեպտիկ խոցի հետ՝ 23, աղեստամոքսային դիսֆունկցիայի հետ՝ 38, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի հիվանդությունների հետ՝ 36 եւ 35, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության հետ՝ 27, լեղապարկի հիվանդությունների հետ՝ 21 տոկոսով։

Նշվել է, որ աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիայի եւ ԳԷՌՀ առաջացման վտանգը բարձր էր մնացել վարակվելուց մեկ տարի հետո, իսկ լեղապարկի հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ կես տարի հետո։ Բացի այդ, մարսողական օրգանների հիվանդությունների  հետ կապը պահպանվել է անգամ այն դեպքերում, երբ փորձարկվողները հիվանդացել են COVID-19-ի թեթեւ ձեւով։

Այժմ գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչպես կարող է SARS-CoV-2-ը բարձրացնել մարսողական տրակտի հիվանդությունների հավանականությունը։ Հնարավոր մեխանիզմներից մեկը կարող է լինել կղանքի եւ բերանի միջոցով վիրուսի փոխանցումը, որը հանգեցնում է մարսողական օրգանների վարակման։ Կարծիք կա նաեւ, որ վարակի սուր փուլում կարող է առաջանալ գրգռված աղիների համախտանիշ, որն իր հերթին կապված է մարսողական տրակտի երկարատեւ խանգարումների հետ։