Հայաստանի առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի եւ հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը` երկու ամսվա կտրվածքով:

Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով եւ հակադիաբետիկ հաբերով։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները եւ հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով հատկացվել են հոգեմետ դեղեր:

Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչեւ 2014 թվականի 2-րդ տասնօրյակը: