Էբոլա տենդի համաճարակը մինչեւ ընթացիկ ամսվա վերջ կարող է Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա հասնել: Եզրահանգման հեղինակը Բոստոնի Հյուսիս-արեւելյան համալսարանի պրոֆեսոր Ալեքս Վեսպինյանիի գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամներն են, որոնք մահացու վտանգավոր հիվանդության տարածման եւ ավիաչվերթների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ մինչեւ հոկտեմբերի 24-ը վիրուսի՝ Ֆրանսիայում տարածման հավանականությունը 75 տոկոս է կազմում, Մեծ Բրիտանիայում՝ 50 տոկոս: Բացի այդ, հեմոռագիկ տենդը, ամենայն հավանականությամբ, կարող է նաեւ Բելգիա, Իսպանիա եւ Շվեյցարիա հասնել, հաղորդում է The Independent-ը:

«(Վիրուսի տարածման ռիսկը կրող երկրների) կոնկրետ ցանկ գոյություն չունի, խոսքն ընդամենը (վարակման) հավանականության մասին է, ինչը բարձր է բոլորի համար», - մեկնաբանել է Ալեքս Վեսպինյանը: Ֆրանսիան բարձրագույն ռիսկի խմբում է հայտնվել այն պատճառով, որ Էբոլայից առավել տուժած երեք երկրների՝ Գվինեայի, Սիերա-Լեոնեի եւ Լիբերիայի բնակիչները ֆրանսախոս են: Իսկ Մեծ Բրիտանիային սպառնացող վտանգի պատճառը, գիտնականների ներկայացմամբ, այն է, որ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը աշխարհի խոշորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկն է հանդիսանում: 

Հետազոտության հեղինակների գլխավոր շեշտադրումն այն է, որ Էբոլակով հիվանդ մարդիկ կարող են, առանց վարակման փաստի վերաբերյալ դույզն-ինչ կասկած ունենալու, վիրուսը Եվրոպա հասցնել: Զեկույցի մեջ նաեւ նշվում է, որ Արեւմտյան Աֆրիկայի երկրների ուղղությամբ ավիաչվերթների 80 տոկոսով կրճատումը կարող է Ֆրանսիայում Էբոլայի տարածման հավանականության մինչեւ 25 տոկոսի չափով նվազեցման հանգեցնել: Նույն միջոցառման արդյունքում Մեծ Բրիտանիային սպառնացող վտանգը 15 տոկոսի չափով կկրճատվի:

Հիշեցնենք, որ Էբոլա հեմոռագիկ տենդով՝ Աֆրիկայում գրանցված վարակման դեպքերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հոկտեմբերի 3-ին տրամադրված տվյալների համաձայն, 7470-ի է հասել, որոնցից 3431-ը՝ մահվան ելքով: ԱՀԿ-ն հրաժարվել է Արեւմտյան Աֆրիկայի երկրների ուղղությամբ ավիաչվերթներն արգելանքի տակ դնելու գաղափարից՝ այն հիմնավորմամբ, որ, ի տարբերություն այլ ինֆեկցիաների, Էբոլան օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում: