Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նոր մոլեկուլ՝ Malat1, որը պատասխանատու է կաթնագեղձի քնած քաղցկեղային բջիջների արթնացման եւ դրանց մետաստազների առաջացման դրդելու համար։ Արդյունքները հրապարակվել են Nature Cancer-ում։
Մի քանի տարի առաջ գիտնականները եկել էին այն եզրակացության, որ ուռուցքի առաջացման վաղ փուլերում որոշ քաղցկեղային բջիջներ հեռանում են նախնական ուռուցքից, տեղափոխվում մարմնի տարբեր հատվածներ եւ «քուն մտնում»։ Տարիներ հետո դրանք կարող են արթնանալ՝ առաջ բերելով ռեցիդիվ կամ մետաստազներ։
Լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ընթացքում ամերիկացի հետազոտողները կարողացել են հասկանալ, որ քաղցկեղային բջիջների ակտիվացման եւ մետաստազների գոյացման կարող է մղել Malat1 հատուկ մոլեկուլը։ Այն խոշոր չկոդավորող ՌՆԹ է։
Malat1-ի այս հատկությունների առկայությունը հաստատելու համար գիտնականները հեռացրել են Malat1 գենը մկների կաթնագեղձի քաղցկեղի բջիջներից։ Արդյունքում՝ բջիջների մետաստազներ ստեղծելու եւ տարածվելու ունակությունը գրեթե լիովին անհետացել է։ Malat1-ի ակտիվության բարձրացումը, դրա հետ միաժամանակ, հակադարձ էֆեկտ է ունեցել։
Պարզվել է, որ Malat1-ը երկակի ազդեցություն է գործում քնած քաղցկեղային բջիջների վրա։ Մոլեկուլը կարող է ակտիվացնել գեների էքսպրեսիայի հատուկ ուղիները, որոնք արթնացնում են քաղցկեղային բջիջները եւ բարձրացնում դրանց պրոլիֆերացիայի (բազմացումը կիսվելու միջոցով) եւ նոր ուռուցքների գոյացման հավանականությունը։ Malat1-ը նաեւ խթանում է այն մոլեկուլների առաջացմանը, որոնք արգելակում են իմունային համակարգի կողմից նորից ակտիվացած քաղցկեղային բջիջների ճանաչումն ու ոչնչացումը։
Նշվել է, որ նախնական գործոնը, որը հանգեցնում է օրգանիզմում Malat1-ի էքսպրեսիայի բարձրացման, առայժմ ուսումնասիրված չէ։ Դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։






