Քրոնիկ միելոլեյկոզը արյան չարորակ հիվանդություն է, որը 100 000 բնակչից մոտավորապես 1-1.5-ի մոտ է ախտորոշվում: Տարիներ առաջ այս ախտորոշումը ստացող մարդկանց չափազանց կարճ կյանք էր սպասվում՝ ընդամենը 1-3 տարի: Սակայն այսօր՝ ժամանակակից բուժման շնորհիվ, քրոնիկ միելոլեյկոզով տառապող մարդիկ լիարժեք կյանքով ապրելու եւ նույնիսկ երեխաներ ունենալու հնարավորություն են ստացել:
Բժիշկ-արյունաբան Նատա Մելքիկյանի ներկայացմամբ, քրոնիկ միելոլեյկոզի բուժման նպատակով տարիներ շարունակ բազմաթիվ դեղամիջոցներ եւ մեթոդներ էին կիրառվում, որոնք որոշ չափով արդյունավետ էին, բայց հիվանդի կյանքի տեւողության եւ որակի վրա նկատելի ազդեցություն չէին թողնում: Մասնավորապես, քիմիական դեղամիջոցներ եւ նույնիսկ ողնուղեղի տրանսպլանտացիա էր կիրառվում:
Ինչպես բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանն է NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել, Գլիվեկ (իմատինիբ) դեղամիջոցի հայտնագործումը իսկական հեղաշրջում էր՝ քրոնիկ միելոլեյկոզի բուժման գործում: Այն թիրախային ազդեցություն ունի եւ հիվանդությունն առաջացնող ֆերմենտի վրա գենետիկ մակարդակով է ներգործում:
Հիվանդության հիմնական պատճառը մարդու 9-րդ եւ 22-րդ քրոմոսոմների փոփոխություններն են, որոնց պատճառով քիմերային գեն է առաջանում եւ լեյկոցիտների արագ եւ անկանոն զարգացմանը նպաստող սպիտակուց սինթեզվում: Գլիվեկը արգելափակում է այդ սպիտակուցի աշխատանքը եւ թույլ չի տալիս, որ աճի խթան ստանա: Որոշ դեպքերում էլ կարող է դրա լիարժեք ոչնչացմանը հասնել:
Գլիվեկը բավականին թարկարժեք դեղամիջոց է, ուստի եւ, 2003թ.-ից վեր, The Max Foundation եւ GIPAP կազմակերպությունների նախաձեռնությամբ, որպես հումանիտար օգնություն է հանրապետություն ներկրվում՝ տարեկան մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանում 178 հիվանդ դեղամիջոցն անվճար է ստանում. մեկ հիվանդի բուժման համար տարեկան անհրաժեշտ չափաքանակի արժեքը 3000-6000 ԱՄՆ դոլար է կազմում:
Մասնագետների եւ հիվանդների խոսքով՝ բուժման շնորհիվ բազմաթիվ հիվանդներ արդեն 10 տարուց ավել է, ինչ լիարժեք ապրում եւ աշխատում են:






