Այս տարի Նոբելյան կոմիտեն ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում շնորհվող մրցանակը երկու մասի է բաժանել: Առաջին մրցանակակիրը Ջոն Օ’Կիֆն է՝ Մեծ Բրիտանիայից, երկրորդը՝ Մայ-Բրիտտ եւ Էդվարդ Մոզեր ամուսինները՝ Նորվեգիայից: Մրցանակը գլխուղեղի բջջային կենսաբանության ոլորտում իրականացված աշխատանքների համար է շնորհվելու. գիտնականները գլխուղեղում առկա դիրքավորման համակարգի համար պատասխանատու բջիջներն են հայտնաբերել եւ այդ բարդ կոգնիտիվ գործառույթի բջջային հիմքն ապացուցել: Համակարգը մարդու «ներքին GPS» անվանումն է ստացել:

Պարգեւատրման արարողությունը դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռներեց եւ գյուտարար, մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը կկայանա: Պարգեւատրության չափը 2014թ.-ին 8 մլն շվեդական կրոն է կազմելու:

Բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում առաջին անգամ Նոբելյալ մրցանակ 1901թ.-ին է շնորհվել: Մինչ այժմ մրցանակի դափնեկիր է դարձել 104 գիտնական (որոնցից 10-ը՝ կանայք): Ամենաերիտասարդ դափնեկիրը 32-ամյա Ֆրեդերիկ Բանտինգն է եղել, ով 1923թ.-ին մրցանակին է արժանացել՝ ինսուլինի հայտնագործության համար: Ամենատարեցը 87-ամյա Պեյտոն Ռաուսն էր: 1966թ.-ին նրան հաջողվել էր օնկոգեն վիրուսները բացահայտել: